‘ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքը երեւանյան իրադարձություններին’

2083

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին:

«Մենք նկատել ենք, որ Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման եւ հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետեւում ենք Երեւանի կենտրոնում եւ Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Նշվում է նաեւ, որ հայտարարության հեղինակներին ոգեւորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից եւ պատասխանատու վարքի դրսեւորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: «Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից», — ասված է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Բաշկիրիայում իններորդ դասարանցին հարձակում է գործել դպրոցում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի երեք կանայք Իրաքում դատապարտվել են մահապատժի’