Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը մտադիր չէ հանդիպելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ «մեծ քսանյակի» ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովում, որը կայանալու է Բալի կղզում այս շաբաթվա վերջին։
Ինչպես հաղտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, նման բանակցությունների համար պայմաններ դեռ չեն ստեղծվել, քանի որ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ։
«Մենք կցանկանայինք, որ ռուսաստանցիները մեզ առիթ տային երկկողմ հանդիպման համար։ Բայց առայժմ միակ բանը, որ տեսնում ենք Մոսկվայի կողմից՝ ավելի մեծ դաժանությունն ու ագրեսիան է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ»,- ի պատասխան Բլինքենի և Լավրովի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցի՝ ասել է Փրայսը։
Լավրովը և Բլինքենը մասնակցելու են G20-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հուլիսի 7-8-ին Ինդոնեզիայում։ Այդ երկրի իշխանությունները հրավիրել են նաև Ռուսաստանի ներկայացուցչին՝ չնայած Մոսկվային միջազգային մեկուսացման ենթարկելու՝ Վաշինգտոնի ջանքերին։
Փոխանցում է BBC-ն։