‘
ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի հարավ-արևելքում կռվող անջատականներին ծանր սպառազինություն մատակարարելու մեջ:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը շարունակում է անջատականներին մատակարարել ծանր սպառազենք, սարքավորումներ, ֆինանսավորում է նրանց, զինված անձնակազմին հնարավորություն է տալիս հատելու Ուկրաինայի սահմանը»,- ասվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտում նաև վստահ են, որ Ռուսաստանը շարունակում է իր զորքերը կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ:
Այս հայտարարությունն արվել է չորեքշաբթի մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, որտեղ ԱՄՆ-ը մտադիր է խստացնել համակարգված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
ԵԱՀԿ-ն ավելի վաղ խոստացել էր Ուկրաինայի արևելքում՝ հակամարտության գոտում, ավելացնել դիտորդների քանակը և, հնարավոր է՝ սկսել ռուսաստանա-ուկրաինական սահմանի մոնիթորինգը անօդաչու ինքնաթիռների օգնությամբ, հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ-ն: Գործողությունների այս պլանը հաստատել է ԵԱՀԿ ղեկավար, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Պավել Կլիմկինի և Սերգեյ Լավրովի հետ հեռախոսային բանակցություններից հետո: Փոխանցում է BBC-ն:
‘