‘ԱՄՆ սենատը Ուկրաինայից պահանջում է ազատ արձակել Տիմոշենկոյին’

664

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ԱՄՆ սենատը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով բանաձև է ընդունել: Բանաձևի հեղինակն է Իլինոյսից ընտրված սենատոր Ռիչարդ Դուրբինը: «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ բանաձևն արժանացել է թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների հավանությանը:

Բանաձևով կոչ է արվում ուկրաինական իշխանություններին՝ ազատ արձակել նախկին վարչապետին, իսկ ԵՄ անդամ երկրներին՝ Տիմոշենկոյի ազատ արձակման պահանջը դարձնել Ուկրաինայի հետ  ասոցացման համաձայնագրի կնքման  կարևոր պայման:

Բանաձևում նաև մտահոգություն է հայտնվում Տիմոշենկոյի՝ ընտրողաբար կամ քաղաքական դրդապատճառներով ձերբակալության առթիվ, ինչը «շեղում է ուշադրությունը Ուկրաինայի այլևայլ կապերից Եվրոպայի, ԱՄՆ-ի և դեմոկրատական երկրների հանրության հետ »:

Ինչպես հայտնում է podrobnosti.ua-ն, սենատում բանաձևը ներկայացնող սենատոր Դուրբինը հայտնել է, որ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդ բանաձևը ընդունել էր դեռ այս տարվա հունիսի վերջին, սակայն բանաձևի համահեղինակ սենատորները չէին շտապում այն մտցնել սենատի օրակարգ՝ հույս ունենալով, որ մինչ այդ կլուծվեր Տիմոշենկոյի հարցը:

Նախորդ հոդվածը‘Կառավարական պատվիրակությունը մեկնում է Սանկտ Պետերբուրգ ‘
Հաջորդ հոդվածը‘ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վերջնականապես կկողոպտի Հայաստանի քաղաքացիներին ‘