‘
ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 25 «կողմ» ձայներով ընդունել է օտարերկրյա օգնության փաթեթը 2015 թվականի համար (FY15), որը հերթական անգամ հաստատեց ԱՄՆ հավատարմությունը Լեռնային Ղարաբաղին օգնության բազմամյա ծրագրին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): 5 սենատոր «դեմ» է քվեարկել:
«Հանձնախումբը խորհուրդ է տալիս ղարաբաղյան հակամարտության զոհերին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հակամարտության հետ կապված ընթացիկ պահանջների համար հատկացնել նախորդ տարիներին համարժեք չափով գումար: Հանձնախումբը կոչ է անում հակամարտության խաղաղ կարգավորման», ասվում է օրինագծում: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայից և Հարավային ու Կենտրոնական Ասիայից օգնություն ստացող յոթ երկներից մեկն է, որոնք հատուկ քննարկվելու են նիստերում: Օգնություն ստացողների թվում են նաև Աֆղանստանը, Պակիստանը, Սերբիան ու Կոսովոն:
Կոմիտեն նախկինի պես ոչինչ չի ասում երկրների մեծ մասում ԱՄՆ օգնության կոնկրետ գումարների մասին, այդ թվում Կովկասի երկրների դեպքում, դրանով իսկ թողնելով Օբամայի վարչակազմի ծախսերի չափը նույն մակարդակի վրա՝ Հայաստանի համար 20,7 մլն դոլար տնտեսական աջակցության (ESF), 1,7 միլիոնը՝ օտարերկրյա ռազմական ֆինանսների (FMF) շրջանակում և 600 000 դոլարը՝ Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում (IMET) ծրագրի շրջանակում: Կոմիտեն նաև հավանություն է տվել նախագահի առաջարկին 9,6 մլն դոլար Ադրբեջանի տնտեսական աջակցության համար և 38,2 մլն դոլար ESF-ում և 10 մլն դոլար FMF Վրաստանին:
Օրինագծում ընդգրկված է նաև Սիրիան: «ԱՄՆ վարչակազմը կարող է օգտագործել միջոցները Սիրիայում հանդարտության հաստատման համար, պատասխանատվության կոչ անել իշխանություններին, ընդլայնել կանանց դերը բանակցություններում, վերջ դնելու համար բռնությանն ու օրինականացնելու համար ընդդիմությունը անդրսահմանային ծրագրերի միջոցով:
Պալատի հատկացումների հանձնախումբը կքննարկի արտաքին օգնության մասին օրինագծի տարբերակը հունիսի 24-ին: Հանձնախմբերի հաստատումից հետո, օրինագիծը ընդհանուր քննարկման կդրվի և արդյունքում կներկայացվի նախագահի հաստատմանը:
Լսումներին մասնակցել է ANCA կառավարության հետ կապերի գծով ղեկավար Քեյթ Նահապետյանը, որն առաջարկել է օրենսդիրենրին ուշադրություն դարձնել հետևյալ ասպեկտներին՝ առնվազն 5 մլն դոլարի հատկացմանը Լեռնային Ղարաբաղում ջրային և հանքարդյունաբերական նախագծերի զարգացմանը, Ադրբեջանին օգնություն չհատկացնելուն, քանի դեռ նա չի հրաժարվել բռնությունից և չի պարտավորվել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Առաջարկվել է, 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին որպես տնտեսական օգնություն:
Առաջարկվել է նաև Քեսաբի վրա վերջին հարձակումների լույսի ներքո ուշադրություն դարձնել Սիրիայում հայերին և ռիսկի մյուս խմբերին հումանիտար օգնություն հատկացնելու կարևորությանը, հասցեական օգնություն տրամադրել՝ օժանդակելու համար Հայաստանին Սիրիայից հազարավոր փախստականների ընդունման գործում:
Վրաստանին հատկացվող օգնության 10 տոկոսը հատկացնել աշխատատեղերի ստեղծմանը Ջավախքում: Քեյթ Նահապետյանը նաև հորդորել է խստացնել Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որով արգելվում է ռազմական օգնությունն Ադրբեջանին: Առաջարկվել է նաև ներառել ԼՂՀ-ն հակամարտության կարգավորման գործընթացում:
«907 ուղղումը» ԱՄՆ Կոնգրեսը մտցրել է 1992 թ. նախկին խորհրդային երկրներին տնտեսական աջակցության նպատակով ընդունած «Ազատության աջակցման ակտ»-ում: Ուղղումն արգելում է ԱՄՆ Կառավարությանն Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել քանի դեռ Ադրբեջանը չի դադարցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն ու շրջափակումը:
‘