‘ԱՄՆ վճռաբեկ դատարանը դոլարի վրայից չի հանել «Մենք հավատում ենք Աստծուն» նախադասությունը’

1859

Սենթ-Փոլ քաղաքի (Մինեսոթա նահանգի մայրաքաղաքը) ութերորդ շրջանի վճռաբեկ դատարանը մերժել է 29 մարդու բողոքը, որոնք պահանջում էին թղթադրամների և մետաղադրամների վրայից հանել ազգային կարգախոս դարձած In God We Trust (Մենք հավատում ենք Աստծուն) նախադասությունը, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Մի խումբ աթեիստներ իրենց հայցադիմումում նշել էին, որ դավանանքի ազատությունը երաշխավորվում է ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացումով, իսկ այդ կարգախոսը հակասում է  լրացմանը: Հայցվորների կարծիքով՝ դավանանքի ազատությունը ենթադրում է  նաև Աստծուն չհավատալը, այնպես որ այդ կարգախոսը խախտում է երկրի ոչ հավատացյալ քաղաքացիների իրավունքները:

Դատավոր Ռեյմոնդ Գրյունդերը չի համաձայնել հայցվորների կարծիքին և հղում  է արել 2014 թ. Գերագույն դատարանի մի որոշման, որով մերժվել էր Նեբրասքա նահանգում օրենսդիր մարմնի նիստերը աղոթքով սկսելու վերաբերյալ բողոքը, քանի որ «դա արդեն ավանդույթ էր դարձել»:

«Մենք հավատում ենք Աստծուն» արտահայտությունը առաջին անգամ դրամների վրա հայտնվել է 1864 թ., Քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ շատ ամերիկացիներ, պաշտպանվելու ակնկալիքով, ակտիվորեն դիմում էին կրոնի օգնությանը:

1956 թ. նախագահ Դուայթ Էյզենհաուերը օրենք էր ընդունել, որով այդ արտահայտությունը հաստատվում էր որպես ազգային կարգախոս: ԱՄՆ-ը, ենթադրաբար, այդպիսով ուզում էր հակադրվել աթեիստական ԽՍՀՄ-ին:

Դրանից հետո՝ 1960-ական թթ. կեսերին, այդ արտահայտությունը հայտնվեց դրամանիշների վրա:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը՝ ըստ Forbes-ի’
Հաջորդ հոդվածը‘Քրգործ. սեփականությունը վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև Սերժ Սարգսյանը’