‘ԱՄՆ 17 նահանգների իշխանությունները դիմել են դատարան՝ ընդդեմ Օբամայի’

996

Ամերիկյան 17 նահանգների իշխանությունները չորեքշաբթի հայց են ներկայացրել ընդդեմ ֆեդերալ իշխանությունների՝ ապօրինի համարելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած այն հրամանագիրը, որով օրինականացվում է երկրում մի քանի միլիոն ներգաղթյալների առկայությունը: Այդ մասին տեղեկացրել է Թեքսասի դատախազ Գրեգ Էբոթը, որը դատական հայցի նախաձեռնողներից մեկն է:

Նահանգների իշխանությունները պնդում են, որ Օբաման խախտել է Սահմանադրությունը, և դատարանից պահանջում են արգելափակել այդ հրամանը: Հայցվորները մտավախություն ունեն, մասնավորապես, որ «համաներման» մասին այդ որոշումը ավելի կխորացնի մարդասիրական ճգնաժամը երկրի հարավում, ամենից առաջ՝ Թեքսասում:

Նոյեմբերի վերջին Օբաման, շրջանցելով կոնգրեսը, հրամանագիր ստորագրեց, որով օրինականացվում է ավելի քան 4 մլն ներգաղթյալների առկայութունը երկրում: Խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ԱՄՆ-ում են ապրում հինգ տարուց ավելի և ամերիկյան քաղաքացիների  կամ երկրում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց ծնողներ են: Եթե այդպիսի անօրինական ներգաղթյալները դիմեն իշխանություններին, իրազեկ մարմիններում ստուգումներ անցնեն, կենսաչափական տվյալները տրամադրեն, սկսեն մուծել համապատասխան հարկերը, ապա նրանց կթույլատրվի մնալ ԱՄՆ-ում երեք տարի ժամանակով՝ դրա երկարաձգման հնարավորությամբ: Այդպիսի ներգաղթյալները նաև ԱՄՆ-ում աշխատելու իրավունք կստանան: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտը» վաղը գործադուլ է անելու’
Հաջորդ հոդվածը‘Մեքսիկայի Գեռերո նահանգում դասախոսները գրավել են կառավարական պալատը’