‘
«Աննախադեպ՝ յոթներորդ արվեստի պատմության ընթացքում». այսպես են գնահատել փորձագետները ամերիկյան Sony Pictures ընկերության՝ երգիծական «Հարցազրույց» մարտաֆիլմի՝ դեկտեմբերի 25-ին կայանալիք պրեմիերան չեղյալ հայտարարելու որոշումը:
Որոշումը կայացվել է կինո-և հեռուստաընկերության վրա աննկարագրելի հզոր ցանցահենային գրոհի արդյունքում, որ նոյեմբերի վերջին կազմակերպել է «Խաղաղության պահապաններ» անվանվող խմբավորումը:
Ֆիլմի ապագա հանդիսատեսների հանդեպ հնչած սպառնալիքներից հետո ամերիկյան կինոթատրոնների խոշոր ցանցերը հրաժարվել են այն ցուցադրել:
Ուրբաթ օրը ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Sony Pictures-ը կոտրելու պատասխանատվությունը կրում է պաշտոնական Փհենյանը: Հնարավոր է, որ գրոհին մասնակից է նաև Չինաստանը, որը ցանցահեններին է տրամադրել իր սերվերները: Պաշտոնական Փհենյանը հերքել է իր մասնակցությունը, սակայն նաև նման գրոհները համարել է միանգամայն «օրինական»: Փոխանցում է euronews-ը:
‘