‘
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին իր համաձայնությունն է տվել Իրանի պաշտոնյաների շփումներին ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, BBC-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Թեհրանում բարձրաստիճան մի պաշտոնյա:
Իրաքի հյուսիսից՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ արդեն տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձանց հանդիպումներ՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական շարժման էքսպանսիայի կապակցությամբ:
Եկու երկրների դիրքորոշումները, որոնց միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թ., համընկնում են այն հարցում, որ թե՛ ԱՄՆ-ը և թե՛ Իրանն ԻՊ-ն համարում են այս պահին ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգությանն ուղղված գլխավոր սպառնալիքը:
Վերջերս Իրանը զենք և զինամթերք տրամադրեց քրդական ինքնապաշտպանական ուժերին, որոնք կռվում են ԻՊ գրոհայինների դեմ: Նույնպիսի մատակարարում է իրականացնում նաև Պենտագոնը, միևնույն ժամանակ՝ ամերիկյան օդուժն ինքն է հարվածներ հասցնում ԻՊ դիրքերին: Փոխանցում է BBC-ն:
‘