‘
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները երաշխիք չեն, որ վերջնական որոշում կկայացվի:
Ապրիլի 2-ին Լոզանի բանակցություններում ձեռք բերված շրջանակային համաձայնությունը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի ծավալի կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Սակայն Իրանն ուզում է հասնել նրան, որ պատժամիջոցները վերացվեն պայմանագիրն ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրը, ինչին հակառակվում է ԱՄՆ-ը, որը հանդես է գալիս դրանց աստիճանական վերացման օգտին:
«Ես երբեք լավատես չեմ եղել Ամերիկայի հետ բանակցությունների հարցում, սակայն համաձայնել եմ կոնկրետ այս բանակցություններին և աջակցել եմ բանակցողներին»,- ասել է Խամենեին և ավելացրել, որ ինքը կիսում է երկրի նախագահ Հասան Ռոուհանիի կարծիքը, թե պատժամիջոցները պետք է վերացվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Փոխանցում է BBC-ն:
‘