‘Այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ. Մամուլ’

799

««Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենայնիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչև «աշխարհի վերջը»՝ մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն՝ չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ա՛խ, մի հատ էլ Էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի՝ նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ՝ ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն: Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս՝ այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությունը՝ ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ՝ իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:

Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որևէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել և այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետև եթե այդ ծառը որևէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել և անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:

Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը (պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով) և դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը՝ «երեք հատ դու շեշ քցեմ և մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» և այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել՝ այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ»,- գրում է Առավոտը իր խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մենք պետք է շարունակենք խաղալ հենց այս ոճով, որը ինչ-որ տեղ մոտ է իսպանականին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետը չի բացվում Հայաստանում. Մամուլ ‘