‘Այսպիսի խոսք` հերթական անգամ հիացմունքից ուշաթափվելուց հետո. Լիզա Ճաղարյան’

1691

Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում անդրադարձել է ՈՒկրաինայում ընթացող իրադարձություններին և հայկական ֆեյսբուքում դրանց արձագանքներին: Գրառումը՝ ստորև.

Ինչպես ցանկացած քիչ թե շատ ոչ անտարբեր մարդ` հետևում եմ Ուկրաինայում ընթացող զարգացումներին, ցավում եմ զոհերի համար նույնկերպ`ուզում է հայ լինեն, ուկրաինացի, թե չեչեն, հիանում եմ ազատասեր մարդկանցով, տհաճությամբ եմ ընկալում բռնությունները` բարիկադների որ կողմից ուզում է լինեն (խոսքն ինքնապաշտպանության մասին չէ):

Թե որքան եմ ցավում ու որքան` հուզվում, պարտավոր չեմ ցուցադրել սրա-նրա առջև, առավել ևս` որոշ ֆեյսբուքցիների, որոնք աջուձախ դեղնագույն թուք են շաղ տալիս նրանց հասցեին, ովքեր օրը չեն սկսում և ավարտում ուկրաինացիների մասին բոցաշունչ ու հիստերիկ ստատուսներով:

Այդքան լիաթոք չէ շնչառությունս, որ կարողանամ ե՛ւ մինչև քթածակերը աղբի մեջ խրված Հայաստանում կատարվող անարդարություններին արձագանքել, ե՛ւ Հայաստանից դուրս ընթացող անարդարություններին: Մանավանդ` շարժիչ ուժ էլ չունեմ. ո՛չ գրանտ եմ ստանում, ո՛չ երբևէ ստանալու մտադրություն ունեմ, ոչ էլ` արևմուտքցիներից մեդալ եմ ակնկալում` Հայաստանում նստած` դեպի Մայդանյան հրապարակ նետած իմ հերոսական ճիգերի համար:

Ու ոչ էլ լռությունս մանրախնդիր վրեժխնդրություն է ուկրաինացիների նկատմամբ, թե բա` երբ մե՛նք էինք պայքարում Ազատության հրապարակում, և երբ Հայաստանում Մարտի 1-ին տասը զոհ տվեցինք, ինչու՞ այդ նույն ազատասեր ուկրաինացիներդ պատեպատ չզարկվեցիք մեզ համար: Ամենևին:

Ու մեկ էլ մի շատ պարզ բան եմ հասկանում` Մայդանում պայքարողներին ի պաշտպանություն աղեկտուր ճիչեր արձակելով` ընդամենը ոմանց դեղնագույն թքի ցայտյունից եմ գլուխս ազատելու: Է՛, բայց ինչու՞ էդ մարդկանց զրկենք այդկերպ ինքնահաստատվելու հաճույքից, հո չե՞նք թողնելու իրենց իսկ կյանքի համար վտանգավոր թունավոր թուքը կուլ տալով`շնչահեղձ լինեն:

Կարճ. իմ և Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության շնչառությունը դժվարությամբ է բավականացնում Սերժիկ Սարգսյանի ավազակախմբի ամենօրյա թալանին, Հայոց բանակից գրեթե ամեն շաբաթ հերթական զոհի մասին գույժերին, անպատիժ վխտացող զինված մարդասպանների քաջագործություններին, դատարաննների լկտի ապօրինություններին արձագանքելու համար:

Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ողջ հողագնդի մարդկությունն ապրի ազատ ու երջանիկ, ուկրաինացիներն էլ` վերադիր, բայց այնքան մեծամիտ չեմ, որ մտածեմ` եթե ես ֆեյսբուքյան իմ էջում լալահառաչ ծվծվոցներ արձակեմ դրա մասին, էդ մարդկությունը հիացմունքից ուշաթափվելու է:

Հարգելիներս, ձեզ թվում է, որ կուշաթափվե՞ն ձեր ձայնը լսելով, ուրեմն` շարունակեք ֆեյսբուքյան բարիկադներում զոհաբերվել հանուն իրենց, տվյալ դեպքում` հանուն մայդանցիների: Միայն թե այդքան մի թքեք աջուձախ` դավադիր քամին երբեմն տհաճ անակնկալներ է մատուցում նմաններին:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 23-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի օդուժը թռիչքներ է կատարում շփման գծի երկայնքով. Ադրբեջանական ԶԼՄ’