‘«Այստեղ ենք, աղբարի՛կ». Բազմահազարանոց ցույց Ստամբուլում` Հրանտ Դինքի հիշատակին’

951

Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել են Ստամբուլի Շիշլի թաղամասում`«Ակոս» թերթի խմբագրատան դիմաց` ոգեկոչելու 6 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի հիշատակը, հայտնում է HurriyetDailyNews-ը: Մարդիկ Դինքի սպանության վայրում են մնացել մինչեւ ցերեկվա ժամը 3:05-ը` սպանության ժամը: Հավաքվածների առաջ ելույթ են ունեցել նրա մտերիմները, կինը` Ռաքել Դինքը: Հնչել են նաեւ սպանությունից առաջ արված Դինքի ճառերի ձայնագրությունները:      

Հիշատակի միջոցառումն անցել է «Այստեղ ենք, աղբարի՛կ» խորագրի ներքո, մասնակիցները նաեւ բողոքի ցույց են կազմակերպել` Դինքի սպանության գործում արդարադատության պահանջելով:

Հիշատակի միջոցառումից հետո բազմությունը շարժվել է դեպի Թաքսիմի հրապարակ, վանկարկելով հայտնի` «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսը: Doğan գործակալությունը հայտնում է, որ ոստիկանությունը միջամտել է հավաքին` մտավախություն ունենալով, որ ցուցարարները կարող են վնասվել հրմշտոցի մեջ:

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության դիմաց, թուրք ազգայնամոլ 17-ամյա Օգյուն Սամաստի արձակած գնդակից: Երկամյա դատավարությունից հետո Սամաստը մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության մեջ` դատապարտվելով 22 տարի 10 ամիս ազատազրկման:  

Նախորդ հոդվածը‘Ալժիրում ավարտվել է իսլամիստ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը’
Հաջորդ հոդվածը‘Մերաբիշվիլի. Հայաստանի ուղին հակասում է Վրաստանի ազգային շահին’