‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 12-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
- Ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կկայանա Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային հանդիպումը, որի ընթացքում նա հանդես կգա ծրագրային ելույթով:
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը եւ դատարանն անցնում է դատավճռին նախորդող վերջին՝ վիճաբանությունների փուլին: Նիստում դատական ճառով հանդես կգա գործով գլխավոր ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը եւ նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը:
- Ժամը 12:30-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա բրիտանական նշանավոր Arc Publications հրատարակչության կողմից հրատարակված «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ժողովածուի շնորհանդեսը:
- Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») կանցկացնեն «Երևակայության գավաթ — 2013» հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլը: Ութ մրցակից թիմերը հանդես կգան իրենց ծրագրերի վերաբերյալ կարճ ներկայացումներով և կընտրվի միայն մեկ թիմ, որը կներկայացնի Հայաստանը 2013թ. «Imagine Cup» միջազգային մրցույթի համաշխարհային եզրափակչին:
- Ժամը 17:00-ին տեղի կունենա «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ավագանու ընտրություններին ընդառաջ. Երևանի զարգացման տեսլականը» թեմայով բանավեճ (դեբատ): Բանավեճին մասնակցելու են բոլոր ուժերի համամասնական ցուցակների կին անդամները` Աստղիկ Գևորգյանը (ՀՀԿ), Նունե Վարդանյանը (ՀՅԴ), Թամար Պողոսյանը (ԲՀԿ), Ջուլիետտա Թադևոսյանը (ՕԵԿ), Անահիտ Բախշյանը (Բարև Երևան), ՀԱԿ-ից ներկայացուցիչ, Մարինե Եփրեմյանը (Առաքելություն): Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում:
‘