‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 3-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացնում է Հովհաննիսյանի մարզային այցելությունների ժամանակացույցը ապրիլի 3-ին: Ժամանակացույցն ունի հետեւյալ տեսքը. 3 ապրիլի 2013թ. – Երեւանից մեկնումը ժ. 9:00, Աբովյան 9:30, Նոր Հաճըն 10:30, Մարտունի 12:30, Սեւան 14:00, Իջեւան 16:00, Բերդ 18:00, Ոսկեւան 20:45
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կհրապարակի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 12/16 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի ու դրան օժանդակելու գործով դատավճիռը:
Մի քանի տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո սկսվում է Երեւան-Վան ուղիղ չվերթը, որի առաջին չվերթը կլինի այսօր։ Երեւան-Վան-Երեւան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Առաջին ամսվա համար տոմսերը կլինեն 20 տոկոս զեղչով՝ 200 դոլարին համարժեք դրամով։ Լինելու են նաեւ զբոսաշրջային ամբողջական փաթեթներ՝ 3, 4 եւ 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազարից սկսած՝ ներառյալ ավիատոմսեր, սնունդ եւ հյուրանոցներ։
Ժամը 11:00-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միամսյակի շրջանակում Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում կկայանա «Աշխարհի լեզվական պատկերը» խորագրով երկօրյա V միջազգային գիտաժողովը: Թեման` «Ֆրանկոֆոնիան նորագույն տեխնոլոգիաների համատեքստում. նպատակներ եւ հեռանկարներ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ֆրանսերենի դասավանդման գործընթացում: Նորագույն տեխնոլոգիաների դերը գիտահետազոտական աշխատանքներում»:
Ժամը 16:00-ին «The Club»-ում տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրատարակությամբ լույս տեսած «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհադեսը: «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան 18-ից 33 տարեկան 13 բանաստեղծների ստեղծագործությունների ընտրանին է: Անթոլոգիան կազմել եւ խնբագրել են Լիլիթ Գալստյանը, Արքմենիկ Նիկողոսյանը:
‘