‘Այսօր՝ մարտի 5-ին սպասվող իրադարձությունները’

995

Lur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 4-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Այսօր ժամը 17-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հանրահավաք է հրավիրում: Նախօրերին նա բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ նրան հրավիրելով Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ ցուցարարների առջեւ «հանրային հաշվետվություն» տալու։ Հովհաննիսյանը հրապարակ է հրավիրել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:

Եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պրոֆ. դր. Նորբերտ Լամերտը: Բունդեսթագի նախագահը Հայաստան է այցելում իր պաշտոնակցի` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի ընթացքում  նախատեսված են հանդիպումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ընդդիմության և հասարակական կազմակերպությունների հետ:

Կկայանա ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Գործով զեկուցողներ են նշանակված Հ. Նազարյանը և Վ. Հովհաննիսյանը, իսկ որպես պատասխանող կողմ ներգրավված է Ազգային ժողովը, որը ՍԴ գործի առնչությամբ բացատրություններ է ներկայացրել: Նման գործերի քննության համար նախատեսված է 6 ամիս ժամկետ, ՍԴ որոշմամբ այն կարող է երկարաձգվել ևս 3 ամսով:

Այսօր, ժամը 12:30-ին «Աճուրդի կենտրոնում» Հայաստանի կառավարության պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի կհանի Հայաստանի ԱԳՆ շենքը: Վաճառքի է հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝  14,241.9 քմ մակերեսով շենք-շինությունները եւ դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը 51 270 840 ԱՄՆ-ի  դոլարին համարժեք ՀՀ դրամ է:

Նախորդ հոդվածը‘Փակ է Սելիմի լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենատարեց բնակչուհին նշում է իր 115-ամյակը’