‘Այսօր՝ մարտի 8-ին սպասվող իրադարձությունները’

913

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 8-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ժամը 12:00-ին Ելակետ մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս «Մարտի 8-յան թանկացումներ» թեմայով: Ասուլիսի բանախոսն է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանը: Ասուլիսի ընթացքում բանախոսը կխոսի տոն օրերին սպառողների իրավունքների խախտման, ինչպես նաեւ մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում թանկացումների վերաբերյալ:

Ժամը 12:00-ին Կոնգրես հյուրանոցում կկայանա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի եւ տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի ու ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ: Մրցանակաբաշխությունից եւ շնորհանդեսից հետո Ժամը 13:00-ից կկազմակերպվի մրցույթին մասնակցող մարզերից ժամանած կանանց կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդես:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կանանց համար տոն-հանրահավաք կկազմակերպի: Հարթակը կտրամադրվի Հովհաննիսյանի կնոջը՝ Արմենուհի Հովհաննիսյանին:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն է երգչուհի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա ժամը 16-ից 17-ը կպատասխանի Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին:

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացումը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ջունեյթ Չաքիր. Ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ Նանիին ճիշտ եմ հեռացրել’