‘
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք…»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու /այժմ` Ստեփանավան/ չորսդասյա ծխական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ:Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում:
‘