‘
«Կան մարդիկ, ում հետ խոսում են: Մշտապես: Անկախ տարածությունից ու գտնվելու՝ գուցեև միանգամայն տարբեր, չափումներից: Անկախ նախնական կամ հետագա շփումներից անգամ: …Եվ այսօր շատերը կան, որ զրուցում են ինչպես մեզ հայտնի, այնպես էլ թե′ մեզ, թե′ իրենց անհայտ անհատների հետ: Զրուցում են: Չեն մենախոսում: Զրուցում են: Երանի նրանց: Ում այսօրվա մարդը իրեն որպես զրուցակից է ընտրում: Որովհետև դա էլ է գոյությունը շարունակելու կերպերից մեկը: Ով գիտի, գուցեև` ամենակարևորը»:
Այսօր ճանաչված լրագրող, խմբագիր, հրապարակախոս Այդին Մորիկյանը կդառնար 57 տարեկան:
Այդին Մորիկյանը ծնվել էր 1958 թվականի ապրիլի 18-ին, Երեւանում:
Քաղաքացիական, լրագրողական ու մտավորականի քաջություն ունեցողների մեջ Այդին Մորիկյանը առաջիններից էր, որ 1988-ի Շարժման տարիներին «Ավանգարդ» թերթը հաճախակի դուրս էր բերում գրաքննության պարտադրած շրջանակներից։
Մորիկյանը Հայաստանի խորհրդարանի երկու գումարման պատգամավոր է եղել՝ 1990-1999 թվականներին։ 1990 թվականին նրան վստահվեց անկախության գործընթացի առաջին քայլերն անող Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պաշտոնաթերթի՝ «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի պաշտոնը։ Որպես գլխավոր խմբագիր՝ նա հրապարակել է նաեւ «Հայացք Երեւանից» ամսագիրը, «Օրրան», «Ժամանակ Երեւան» թերթերը։
Այդին Մորիկյանը մահացել է 2009 թվականի մայիսի 19-ին, երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո:
‘