‘Այսօր «գիծ քաշելու» օրն է. «Հրապարակ»’

1157

Այսօր «գիծ քաշելու» օրն է: Մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչև հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս՝ ստվերից դուրս գալու համար: Գրում է «Հրապարակ»-ը և շարունակում.

«Ասել էր՝ «գիծ ենք քաշում». դրանից առաջ ինչ եղել-եղել է, համաներում ենք հայտարարում, սրանից հետո պետք է ստվերից դուրս գան ու հարկեր վճարեն: Վաղը մենք կփորձենք պարզել, թե ինչպես է արտահայտվել վարչապետի այս դարակազմիկ որոշումը և ինչ հետևանքներ է ունեցել օլիգարխների ու նրանց վճարած հարկերի վրա: Թեև արդեն կարող ենք պնդել, որ ոչ մի հետևանք էլ չի ունեցել, քանզի նրանք, ովքեր պետք է դուրս գային ստվերից, հրաժարվում էին խոստովանել, որ հարկերը երբևէ թաքցրել են:

Ավելին՝ հպարտորեն հայտարարում էին, որ միշտ հարկերը վճարել են և ստվերից դուրս գալու կարիքը չունեն: Մնում է ենթադրել, որ վարչապետի հանձնարարությամբ կբացահայտվեն ստվերում գտնվողների անունները, և մենք վերջապես կիմանանք, թե ովքեր են թաքցնում հարկերը: Այսօր մեկ այլ «գիծ քաշելու» օր էլ է՝ հուլիսի 1-ը հայտարարվել էր Եվրասիական տնտեսական միությանն անդամագրման փաստաթղթի ստորագրման օր:

Աստանայում Սերժ Սարգսյանն այդ օրը հիշատակեց, և դա հեռարձակվեց աշխարհի բոլոր լրատվամիջոցներով: Սակայն այստեղ ևս մենք որևէ առաջխաղացում չունենք. համենայնդեպս, ոչ մի հանդիպում, ոչ մի այց նախատեսված չէ, որևէ փաստաթղթի ստորագրման մասին չի խոսվում, ուստի կարող ենք պնդել, որ այս մի «գիծն» էլ չի քաշվելու: Փորձենք ընդհանրացնել՝ չենք կարող չնկատել, որ մեր երկրի «առաջին դեմքերն» զբաղված են «քամի անելով»՝ երբ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում, անկախ նրանից, թե դրանք ինչ խոստումներ են՝ ներքաղաքական, թե արտաքին քաղաքական կյանքին վերաբերող»:

Նախորդ հոդվածը‘Այսօր հուլիսի 1-ն է. Ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որևէ կերպ. «Ժամանակ».’
Հաջորդ հոդվածը‘Audi-ն բախվել է կայանված ՃՈ Toyota-ին. 6 վիրավոր’