‘
«Այսօր՝ նոյեմբերի 22-ին, մոտ մեկ ժամից Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
«Բանակցությունների այս տարբերակը, այս պահի դրությամբ՝ լավագույնն է, մանավանդ որ չկա այլ առաջարկ և հնարավորություն՝ այն իրականացնելու համար: Ադրբեջանի կողմից վարած այս ֆաշիստական քաղաքականությունը, աննորմալ քայլերը, հայտարարությունները ուղղակի ցույց են տալիս, որ տեսանելի ապագայում ինչ-որ բան հնարավոր չէ փոխել, հետևաբար՝ հիմնական շեշտը դրվում է կայունությունն ու խաղաղությունը պահպանելու վրա»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան նախատեսված է նոյեմբերի 23-ին, իսկ Բաքու՝ նոյեմբերի 26-ին:
‘