‘Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է’

3060

Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Այսօր նախագահ Տեր-Պետրոսյանը դարձավ 70 տարեկան:

iLur.am-ի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է Լևոն Տեր-Պետրոսյանին` մաղթելով առողջություն եւ երկար տարիների կյանք, բոլոր անավարտ գործերի ի կատար ածում, եւ առաջին հերթին Հայաստանում սահմանադրական կարգերի վերահաստատում, մի գործ, որին Համաժողովրդական շարժումը եւ այժմ արդեն Հայ ազգային Կոնգրեսը լծվել է նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

 

Կենսագրություն

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիաներ, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ «Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, (որոնցից 12-ը առանձին գրքով), որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն անգլերեն, արաբերեն, ճապոներեն լեզուներով և վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մատենագրական, մշակութային եւ պատմական առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները և հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 և 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության և Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների և հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով՝ «Ավազակապետության անատոմիան եւ մեխանիկան» (Երեւան, 2007), «Բարեկամական զրույց» (Երեւան, 2007), «Պատմություն, գաղափարախոսություն, տիպաբանություն» (Երեւան, 2007), «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր» (Երեւան, 2008) գրքույկները, 2007 թ. հոկտեմբերից մինչեւ 2009թ. մայիս ժամանակահատվածում հանրահավաքային ելույթների, հոդվածների, հարցազրույցների «Վերադարձ» ժողովածուն (Երեւան, 2009), «Հայ-Թուրքական հարաբերություններ» գիրքը (Երեւան, 2009)։

Լևոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արևելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) և Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։

Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն  է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել և մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաև ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է և վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Եղել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաև 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։

Լևոն Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է։ Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ և սկզբունքներ. մերժել է քաղաքական կողմնորոշման, մշտական բարեկամի և մշտական թշնամու գաղափարը, պետական անկախությունը համարել է ազգային գոյության, նրա ազատ զարգացման և ինքնապահպանման հիմնական գրավական, դրա իրականացման միջոցը։ Իրատես քաղաքականության, սեփական ուժերին համապատասխանող քայլերի ջատագով է։ Վճռականորեն պայքարել է ինչպես ազգի բացարձակացման, այնպես էլ նիհիլիզմի ու ճակատագրապաշտության տանող գաղափարախոսությունների դեմ։ Այս ամենը հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում։

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, ազատագրվեց Լեռնային Ղարաբաղը և ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական  տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:

Տասնամյա լռությունից հետո նախագահ Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն, 2008 թվականին առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, նրա շուրջ ձևավորվեց Համաժողովրդական շարժում, և ընտրություններում տարավ փաստացի հաղթանակ, որը, սակայն, կանխվեց առնվազն 10 քաղաքացիների սպանության և համընդհանուր բռնությունների շնորհիվ: Նրա գլխավորած Համաժողովրդական շարժումը, սակայն, վերածնեց և վերածվեց Հայ ազգային կոնգրեսի, ապա Հայ ազգային կոնգրես կուսակցոության, որն առայսօր շարունակում է իր պայքարը:

Լևոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի և երեք թոռ:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Դե Խեան որոշել է ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը Խոդորկովսկուն բոլոր մուսուլմանների թշնամի է հայտարարել’