‘
Երկուշաբթի Վրաստանի պետգրասենյակի փակ նստավայրերից մեկում տեղի կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը: Ինչպես Trend-ին տեղեկացրել են Վրաստանի կառավարության մամլո ծառայությունից, հանդիպումը փակ կլինի զանգվածային լրատվամիջոցների համար, և միայն հանդիպման սկզբում հնարավոր կլինի լուսանկարել և տեսագրություն կատարել:
Սա կլինի Սաակաշվիլիի և Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից հետո, երբ Վրաստանում փոխվեց իշխանությունը: Մարտի 1-ին երկրի ղեկավարն Իվանիշվիլիին առաջարկել էր հանդիպել, և վերջինս համաձայնել էր: Հարկ է նշել, որ առաջին հանդիպումը կայացել էր նախագահի նստավայրում:
Բանակցություններում գլխավորապես քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների հարցը, ընդ որում՝ այդ փոփոխություններով կսահմանափակվեն նախագահի՝ խորհրդարանը և կառավարությունը լուծարելու լիազորությունները: Նախագահը մտադիր է նոր իշխանություններից պահանջել դադարեցնել նախկին պաշտոնյաների հետապնդումները, հաղորդում է Trend-ը:
‘