‘Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է ‘

1546

1869 թվականին սեպտեմբերի 26-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում ծնվել է  երաժշտագետ, երգահան, վարդապետ Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան), որը համարվում է ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիրը։

Կոմիտասը մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում հորը։ Մինչև 1881թ. ապրում է տատի հետ, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին՝ եպիսկոպոս օծվելու։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Սողոմոնն Էջմիածնում իր զարմանահրաշ երգով և կատարումով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուներից ընտրվում է Սողոմոնը։

1890թ. Կոմիտասը դառնում է սարկավագ, 1893-ին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
1895թ. Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու, սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու, 1899-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։ Ճամփորդում է երկրի բոլոր շրջաններով, գյուղերով, հայտնաբերում և գրառում է ժողովրդական երգեր և պարեր՝ մոտավորապես 3000  ստեղծագործություն, որոնց մեծ մասը  նախատեսված էր երգչախմբով երգելու համար։ Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր պատարագն էր, որը մինչ այսօր էլ իր տեղն ունի հայ եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892թ., բայց չկարողացավ ավարտել Առաջին 
համաշխարհային պատերազմն սկսվելու պատճառով։ 

Կոմիտասը բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով հայկական երաժշտությունը։ 1910 թ. հետո ապրել և աշխատել է Պոլսում, որտեղ հիմնել է 300 հոգանոց  «Գուսան» երգչախումբը:

1915թ. ապրիլի 24-ին  բազմաթիվ հայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում է և հարկադրված բռնում աքսորի ճամփան, սակայն իր ընկերների միջոցով ազատվել է աքսորից, տեղափոխվել Փարիզ, որտեղ և հոգեբուժական կլինիկայում  մահացել է 1935թ. հոկտեմբերի 22-ին։ Մեկ տարի անց նրա աճյունը փոխադրվում է Երևան, 1950-ական թվականներին Փարիզից Երևան են տեղափոխնում նաև Կոմիտասի ձեռագրերը։

Կոմիտասի անունով կոչվել են լարային քառյակ, Երևանի կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, արձաններ են կանգնեցված Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր: 

Կոմիտասի կերպարին անդրադարձել են հայ շատ ստեղծագործողներ: Ամենավառ օրինակը Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմն է, իսկ 1987 թ. ռեժիսոր Լևոն Մկրտչյանը «Իմ Կոմիտաս» անվանմամբ նկարահանում է ֆիլմ, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախընտրական գործընթացներում Ռուսաստանից միլիարդավոր դոլարներ են հոսում Վրաստան. Սահակաշվիլի’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես տապալվեց «Ահարոն» պլանը ‘