‘Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են’

873

Այսօր Հայաստանի 5 մարզերի (Արարատ, Արմավիր, Լոռի, Սյունիք, Շիրակ) 481 համայնքներում  կկայանան ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես՝ 379 համայնքում կընտրվեն համայնքի ղեկավարներ, իսկ 454-ում՝ ավագանու անդամներ:

Քաղաքապետեր կընտրեն Հայաստանի երկու խոշոր քաղաքների՝ Գյումրիի և Վանաձորի բնակիչները:

Չորս համայնքներում այսօր նախատեսած ընտրությունները չեն կայանա, քանի որ երեք համայնքում թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում էլ առաջադրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության օրը: Այդ համայնքներում կնշանակվեն նոր ընտրություններ:

Հայաստանի 852 տեղամասերի դռները կբացվեն ժամը 8.00-ին և կփակվեն 20.00-ին: ը, Առաջադրված թեկնածուներից 3236-ը անկուսակցական է, ՀՀԿ-ից առաջադրվել է՝ 1444, ԲՀԿ-ից՝ 304, ՕԵԿ-ից՝ 64, ՀՅԴ-ից՝ 101, ՀՀՇ-ից՝ 18, «Ժառանգություն»-ից՝ 8, «Հանրապետություն»-ից 3 թեկնածու:

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն կանցկացնեն 19 տեղական և 1 միջազգային կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:

P.S. Արդեն իսկ տեղեկատվություն է ստացվում խախտումների վերաբերյալ, մասնավորապես Վանաձորից հայտնում են, որ անձնագրի կնիքը շատ արագ ցնդում է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը՝ B խմբի միանձնյա առաջատար ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական զինուժը 1600 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ’