‘Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը (ֆոտոշարք)’

3036

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Ծաղկազարդը նշվում է Մեծ պահքի նախավերջին կիրակի օրը: Քրիստոնեական ավանդության համաձայն՝ տոնը կապված է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու հետ: Աստծո որդուն Երուսաղեմում ընդունում են հանդիսավորությամբ, արմավենու և ձիթենու սրբազան ճյուղերով:

Մինչև 19-րդ դարի վերջերը տոնը հայտնի էր Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռզարդար, Ճորճարդոն և այլ անուններով: Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի՝ տոնն ունի նախաքրիստոնեական արմատներ և կապված է բնության զարթոնքն արտացոլող հավատալիքների հետ. «Տոնի գլխավոր բաղադրիչը սրբազան ոստի՝ ձիթենու և հատկապես ուռենու հետ կապված ծիսաշարն է։ Եկեղեցիները զարդարվում էին արմավենու ճյուղերով և ձիթենու ոստերով՝ ավելի իմաստալից և պատկերավոր դարձնելու Հիսուսի մուտքը Երուսաղեմ»:

Նշենք, որ ձիթենին և արմավենին համարվում են խաղաղության ու փառքի խորհրդանիշեր։ Ձիթենու պսակով էին Հունաստանում զարդարում օլիմպիական հերոսներին, իսկ արմավենին ձոնում էին արեգակին. «Օրհնված ոստերի և ճյուղերի մեջ ժողովուրդը տեսնում էր խորհրդավոր ուժ, որն ուներ առատ բերք ու բարիք շնորհելու հմայական զորություն»,- հավելեց ազգագրագետը։

Ծաղկազարդի սրբազան ճյուղերը, ազգագրագետ Սամվել Մկրտչյանի մեկնաբանությամբ, մարդկանց հավատալիքներում ընկալվում էին որպես հաջողություն բերող ոստեր:

«Մարդիկ դրանք պահում էին յուղի կճուճներում, որ յուղը առատ լիներ, կախում էին տան պատերին, որ կրկնապատկվեր տան հաջողությունը, դնում էին թխսերի տակ՝ շատ ճտեր ունենալու հավատով։ Նույն նպատակով Նոր Նախիջևանում անգամ հավերին ու ճտերին անցկացնում էին ուռենու օրհնած ճյուղերից պատրաստած օղակի միջով, ճյուղերից դնում էին նաև հացի շտեմարաններում»,- Սամվել Մկրտչյանի խոսքերն է մեջբերում .am-ը:

Նշենք նաև, որ Ծաղկազարդի երեկոյան տեղի էր ունենում եկեղեցական մի նշանավոր արարողություն ևս, որը հայտնի էր «Դռնբացեք» անունով։                

Նախորդ հոդվածը‘Նոր մենաշնորհ Միքայել Մինասյանի համա՞ր’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ուժեղ քամի է. Այն ծառ է շրջել (լուսանկար)’