‘Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է’

1109

Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Կինոռեժիսորն կդառնար 79 տարեկան:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ստեղծագործությունը մեծապես նպաստել է հայ ազգային կինոարվեստի առաջընթացին. նրա ստեղծած կինոերկերը ազգայինի և համամարդկայինի յուրատեսակ համադրություն են:

Հենրիկ Մալյանը 1951 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1953 թ-ին կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1951–54 թթ-ին (ընդհատումով) աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում. բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», իսկ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսները: 1954 թ-ից Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր էր: Մալյանը 1971–88 թթ-ին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան), 1975–88 թթ-ին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:

Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ, նվիրված է հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967 թ.) շրջադարձային էր ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը:

Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980 թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին:

«Նահապետ» ֆիլմն առանձնանում է գունեղ կինոլեզվով: Նա հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտել Մեծ եղեռնի սարսափելի արհավիրքներից փրկված հայի կերպարը:

Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:

1980 թ-ին Հայֆիլմ կինոստուդիային կից ստեղծել է կինոդերասանի թատրոն-ստուդիան, ղեկավարել մինչև 1988 թ. (նույն թվականին կոչվել է Հենրիկ Մալյանի անունով): Գրել է «Երկխոսություն երրորդի համար» (1997 թ.) գիրքը:

Մալյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1975 թ.):

 «Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել»:

Հենրիկ Մալյան

«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»:

Սոս Սարգսյան, դերասան

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Հայաստանը հետաքննական լրագրության կարիք ունի’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 38-ում «ժառանգության» թեկնածուն պատրաստվում է բողոքարկել քվեարկության արդյունքները’