‘Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է’

1178

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մեկը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:

Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին:  Նրա բոլոր գործերը թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ. դեկտեմբերի 18-ին Երևանում: 2011թ-ին այս օրը բացվել է Մաթևոսյանին նվիրված հուշակոթող-աղբյուրը, որի ճարտարապետն է Տիգրան Բարսեղյանը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ’