‘Այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը ‘

877

Փետրվարի 9-ին` Երևանի ժամանակով ժամը 8-ից, մեկնարկել է ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների քվեարկությունը: Այն կտևի 5 օր և կավարտվի փետրվարի 13-ին` Երևանի ժամանակով ժամը 20-ին:

Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 243 ընտրող, որոնց դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ի միջոցով փոխանցվել են համապատասխան անհատական ծածկագրեր և էլեկտրոնային քվեարկության ուղեցույց պարունակող ծրարները:

Նրանք քվեարկելու են համացանցով (ինտերնետով)` ՀՀ ԿԸՀ-ի կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով:

Փետրվարի 8-ի նիստում սահմանվել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը: Ինչպես հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, տվյալ անձինք կարող են քվեարկել բազմաթիվ անգամ, փոխել իրենց քվեն, սակայն համակարգը հաշվի է առնելու նրանց վերջին տված քվեն:

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն և դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի ՀՀ տարածքում քվեարկության ավարտից` փետրվարի 18-ի ժամը 20-ից հետո:

\"\"

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ պաթոլոգիկ ստախոս’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության նախկին ղեկավարը’