‘Այսօր Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցն է (տեսանյութ)’

778

Այսօր` դեկտեմբերի 29-ին լրանում է Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցը: Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 19 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:

Նա ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Ծննդավայրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, 1947 թվականին ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբում։

Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ’
Հաջորդ հոդվածը‘Պապարացին «բռնացրել» է ամբողջովին մերկ Ռիհանային (լուսանկարներ)’