‘Այսօր նախատեսված է Օբամայի և Ռոմնիի երկրորդ հեռուստաբանավեճը’

631

ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի երկրորդ ռաունդը տեղի կունենա այսօր երեկոյան, Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում: Ի տարբերություն առաջին (հոկտեմբերի 3-ի) և երրորդ (հոկտեմբերի 22-ի) ռաունդների՝ այսօրվա հեռուստաբանավեճը կընթանա ընտրողների հետ հանդիպման ձևաչափով: Տեղի համալսարանի դահլիճում կհավաքվեն ընտրողները, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց նախապատվություններում: Հեռուստաբանավեճը վարելու է CNN-ի ավագ քաղաքական թղթակից Քենդի Քրոուլը: Գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային և նրա հանրապետական ընդդիմախոս Միթ Ռոմնիին պատասխանի համար հատկացվելու է երկու րոպե ժամանակ, մեկ րոպե էլ կհատկացվի հեռուստաբանավեճը վարողին: Հեռուստաբանավեճը կտևի մեկուկես ժամ:

Հիշեցնենք, որ հեռուստաբանավեճերի առաջին ռաունդը լիովին նվիրված էր ներքին քաղաքականությանը, և հեռուստադիտողները հաղթանակը շնորհեցին հանրապետական թեկնածուին: Փոխնախագահների միակ հեռուստաբանավեճում (հոկտեմբերի 11-ին) ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նույնպես պարտվեց իր մրցակցին՝ Փոլ Ռայանին (44%` ընդդեմ 48%-ի), բայց այդ պարտությունն այնքան ջախջախիչ չէր, որքան Օբամայինը՝ առաջին ռաունդում (Օբաման Ռոմնիին պարտվել էր 25%-ը 67%-ի հարաբերակցությամբ):

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 6-ին:

Նախորդ հոդվածը‘Մեծ ֆուտբոլի օր` առանց Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան ‘