‘Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը’

762

Այս տարի հունվարի 26-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ:

Համաձայն qahana.am-ի, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:

Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը):

Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։

Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում են պահել Մեծ Պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ։ Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում են 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ, որին շաբաթ օրը հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքր հաճախ կոչում են Սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը):

Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում։

Մեր Եկեղեցու Հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տե´ս` Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` այս պահքը սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու Հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3: 7-8):

Առաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու, և մարմինն անհրաժեշտից զրկելով, վարժեցնում են հոգուն` մեղքից հրաժարվելու: Դրա համար պահք պահելու որևէ կանոն չկա, այլ կա բուն պահքը, որը սկզբից մինչև վերջ նույն կերպ է լինում, այսինքն՝ կենդանական կերակուր չճաշակելով կամ ընդհանրապես ոչինչ չուտելով:

Հունվարի 30-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից:

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին ՀՅԴ Բյուրոյում փոխարինել են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Կիրո Մանոյանը’