‘
Այսօր ոստիկանության ուժերը դաժանաբար ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների խաղաղ ցույցը։ Բերման է ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում՝ մի քանի տասնյակ լրագրողներ։ Նախորդ երեկոյից ի վեր Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նստացույց իրականացնող քաղաքացիների դեմ առավոտյան ժամը 5․30-ից սկսած ջրցան մեքենաների ուղեկցությամբ հարձակում իրականացվեց, թեեւ ցուցարարները մինչ այդ բազմիցս կրկնեցին, որ ցույցը բացառապես խաղաղ եղանակ է կրում։ Ոստիկանական գործողությունը գլխավորում էին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի պետ Լյովա Երանոսյանը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։
Էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցի դուրս եկած երիտասարդները այսօր՝ ժամը 18:30-ին, կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում՝ պահանջելու ազատ արձակել այսօր բերման ենթարկված ակտիվիստներին, իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատության ենթարկել ապօրինությունները իրականացնողներին, ինչպես նաեւ բարեփոխել էներգետիկ ոլորտը։
‘