‘Այս իրավիճակում սահմանադրական փոփոխություններին անդրադառնալը կոպիտ սխալ է’

1160

Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը կոչ արեց ընդդիմությանը` այս իրավիճակում այլ քաղաքականություն որդեգրել իշխանությունների նկատմամբ, ավելացնելով, թե երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ:
Անշուշտ, հակառակորդին ոգեւերելը լավ բան չէ: Իրոք, Հայաստանին պետք է որոշակի տեսանելի ու շարունակական կայունություն: Բոլոր առումներով՝ քաղաքական եւ տնտեսական: 
Սերժ Սարգսյանը հստակ տալիս է իրավիճակի գնատականը. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն: Եթե երկրի առաջին դեմքը այս համատեքստում, կոչով դիմում է ոչ իշխանական ուժերին, ապա տրամաբանական է ակնկալել իշխանություններից կոնկրետ քայլեր հենց այս ուղղությամբ: 
Իսկ առաջին քայլը պետք է լինի սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը: Երկրի կառավարման համակարգի փոփոխության գաղափարից հրաժարվելը:
Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանդրական փոփոխությունների իրականացման գաղափարից, ապա նա կունանա բարոյական իրավունք պահանջելու ոչ իշխանական ուժերի ճամբարից ներքաղաքական լարվածության էական թուլացմանը նպաստող քաղաքականություն:
Իսկապես, երկրում կարող է էապես թուլանել ներքին թշնամանքի, ատելության եւ փակուղային դրսեւորուների մթնոլորտը: Մի բան, որը ոչ մի բանական մարդու չի կարող ուրախացնել:
Եթե իշխանությունները, այսուհանդերձ, պնդելու են հանրաքվեի եւ երկրի կառավարման համակարգը ոչ պատերազմ ոչ խաղաղություն վտանգավոր պայմաններում փոխելու գաղափարի վրա, ապա միանշնակ է, որ ներքաղաքական վիճակը լարվելու է, անկախ բարի ցանկություններից եւ կոչերից: Բնականաբար, եւ չի լինելու որեւէ երաշխիք, որ այն մնալու է վերահսկելիության սահմաններում: Արդյոք, մենք սա ենք ուզում. կարծում եմ՝ ոչ:
Երկրի կառավարման մոդելի փոփոխության գաղափարից հրաժարվելը, իսկապես կարող է լուրջ խթան հանդիսանալ ներքաղաքական լարվածության տեսանելի թուլացման եւ քաղաքական ուժերի ու հասարակության մեջ երկխոսության եւ հեռանկարային պայմավորվածությունների ձեռքբերման համար:
Սա ոչ միայն իմ տեսակետն է, այլ որոշ ազդեցիկ քաղաքական եւ հասարակական շրջանակների:

Top-news.am

Խմբ. կողմից — Հոդվածը արտատպում ենք՝ կիսելով այն կարծիքը, որ ներկա վիճակում սահմանադրական «բարեփոխումների» անցկացումը հղի է երկրի ներսում ապակայունացման լուրջ վտանգով: Միեւնույն ժամանակ մենք չենք կարծում, որ միայն սահմանադրական «բարեփոխումներից» հրաժարումը բավարար հիմք է քաղաքական եւ հասարակական միասնություն ապահովելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունը դադարեցնի երկրում տիրող թալանը, կոռուպցիան, զանազան ապօրինություններն ու հանցանքները, ինչպես նաեւ ընդառաջ գնա հասարակության պահանջներին: 

Նախորդ հոդվածը‘Ռոբին Ուիլյամս. Երբ ես կմեռնեմ, պարեք իմ գերեզմանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադան ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ’