‘Այս տարի դարբինը չզարկեց կռանը սալին’

1629

Բոլոր նրանց, ովքեր մասնակցում են Ր. Հովհաննիսյանի հանրահավաքներին, խնդրում եմ ստորև արված արձանագրումը կարդալուց հետո շարունակեն գնալ այդ հանրահավաքներին: Այսինքն՝ չէի ուզի, որ որևէ մեկը մեկնաբաներ, թե նմանօրինակ նյութերը գրվում են իշխանության դեմ ժողովրդական ընդվզումը թուլացնելու կամ վարկաբեկելու համար: Սրա նպատակը մեկն է՝ պատմության համար գրավոր արձանագրել մեր աչքի առաջ տեղի ունեցած ամենևին ոչ անկարևոր մի դրվագ: Քանի որ՝ պատմությունը կեղծվում է ոչ միայն փաստերը նենգափոխելով, այլև դրանք չարձանագրելով:

2008թ. Մարտի 1-ի ոճիրից հետո ամեն տարի՝ 2009-ին, 2010-ին, 2011-ին, 2012-ին Հայ ագզային կոնգրեսը կազմակերպել է այդ օրվան նվիրված հանրահավաք և երթ: Որպես օրինաչափություն, տվյալ տարում ամենահզորն է եղել այդ օրվա հանրահավաքը և ամենատպավորիչն է եղել այդ օրվա երթը: Գուցե այն պատճառով, որ դրանց եկել են մասնակցելու նաև մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից ու նախասիրություններից, եկել են պարզապես իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին և «քվեարկելու» ընդդեմ բռնության: Այսինքն՝ ճիշտ այնպես ու այնպիսի շարժառիթներով, ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ: Եւ ինչպես 1966 թվականից ի վեր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալը, այնպես էլ Մարտի 1-ին նվիրված մեծ հանրահավաքն ու տպավորիչ երթը միայն խորհրդանշական իմաստ չունեն, այլ նաև գործնական: Առաջին դեպքում, անհնար է չընդունել, որ դա նպաստել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Երկրորդ դեպքում, անհնար է չընդունել, որ դա խոչընդոտ է եղել Մարտի 1-ի էջը փակելուն, նպաստել է, որ խնդիրը, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում մնա օրակարգում:

Այս՝ 5-րդ տարում, բնականաբար, ամեն ինչ ծրագրված էր նույնությամբ. Կոնգրեսը մարտի 1-ից դեռ մեկ ամիս առաջ իրազեկել էր քաղաքապետարան՝ հանրահավաքի և երթի համար, ինչը ընդունվել էր ի գիտություն: Ամբողջ մի ամիս սոցիալական ցանցերում ու մամուլում, որպես սպասվող իրադարձություն դա ամենաշատ քննարկվող, հիշվող ու տարածվող թեմաներից էր: Եվ հանկարծ, մարտի 1-ից երկու օր առաջ պարզվում է, որ նույն օրը, նույն ժամերին նույն առիթով հանրահավաքի հայտ է ներկայացրել նաև «Ժառանգություն» կուսակցությունը Մյասնիկյանի հրապարակում, որտեղ ըստ հաստատված երթուղու, պետք է հասներ Կոնգրեսի երթը: «Ժառանգության» իրազեկումը, օրենքի կրկնակի խախտումով, նույնպես ի գիտություն էր ընդունվել քաղաքապետարանի կողմից:

Այս պայմաններում ոչ թե ուրվագծվող, այլ անխուսափելի արդյունքը լինելու էր հետևյալը. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված ընդդիմության երկու հանրահավաք տարբեր տեղերում, հետո դրանց հնարավոր հանդիպումը Մյասնիկյանի հրապարակում: Ծաղրական մի պատկեր, որը կարող էր զարդարել, ասենք, Չարենցի «Երկիր Նաիրին»: Իշխանության ու նրա լրատվամիջոցների համար դժվար էր գտնել չարախնդալու, ծաղրելու, ձեռ առնելու ավելի լավ առիթ: Դժվար էր մտածել ու պատկերացնել ավելի մեծ անարգանք Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Դժվար էր երկնել ավելի մեծ սրբապղծություն: Եթե այս ծրագիրն իրականանար, ապա իսկապես կարելի էր համարել, որ, ըստ էության, փակվեց Մարտի 1-ի էջը: Իսկ որ սա ծրագիր էր, ոչ թե պատահական զուգադիպություն, վերոշարադրյալ փաստերի հիմքի վրա կասկածից դուրս է:

Այդ խայտառակությունը կանխելու համար Հայ ազգային Կոնգրեսն անմիջապես չեղյալ հայտարարեց Ազատության հրապարակում իր հանրահավաքը և երթը, իսկ իր համակիրներին կոչ արեց միանգամից գնալ Մյասնիկյանի հրապարակ ու մասնակցել այտեղ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին: Սրանով այդ օրվա միջոցառումը թեև էականորեն կորցնում էր իր քաղաքական ու գործնական կշիռը, բայց գոնե կանխվում էր ծայրահեղ խայտառակությունը: Սակայն մեր օր անց Րաֆֆի Հովհաննիսյանը անհասկանալի պատճառով չեղյալ հայտարարեց նաև իր հանրահավաքը՝ ամբողջությամբ վիժեցնելով հիշատակի և բողոքի մարտիմեկյան ավանդական միջոցառումը: Ժամանակի սղության պատճառով որևէ բան կրկին ետ շրջելն այլևս անհնար էր: Ամեն տարվա հզոր ակցիաների փոխարեն ստացվեց այդ օրվա խորհրդին անհարիր ոչ մեծ մի միջոցառում՝ ս. Սարգիս եկեղեցում զոհերի հիշատակին Կոնգրեսի կողմից նախապես պատվիրված հոգեհանգստի արարողություն, որից հետո մեկ-երկու հազար մարդ ծաղիկներ դրեցին Մյանսիկյանի արձանի մոտ:

Այսինքն՝ վերջին հաշվով տեղի ունեցավ այդ խայտառակությունը, հանուն ճղճիմ քաղաքական շահերի ձախողվեց շատ կարևոր մի միջոցառում: Դժվար է մտածել, թե այդ ամենի տակ նախապես քաղաքական հաշվարկ չի եղել դրված: Ու հենց այդ պատճառով էլ դա սրբապղծություն էր, անպատվություն ու անարգանք զոհերի հիշատակին: Ո՞վ է եղել քստմտելի այս ծրագրի հեղինակը: Մարդիկ տուն գնացին ոչ թե թեթևացած, հարգանքի տուրք մատուցածի զգացումով, արդարության վերականգնման ու հանցագործներին պատժելու հավատի նոր չափաբաժնով, այլ՝ հուսահատ, ծանր մի զգացողությամբ:

***

Շատ հնուց հայտնի ու տարածված առասպել կա շղթայված Չարի մասին ու դրա հետ կապված ավանդույթ. Դարբինները որոշակի օր կռանը ուժգին խփում են սալին, որ ամրանան Չարի շղթաները: Սրա նմանությամբ պատկերավոր ասնեք այսպես. ինչպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթը, այնպես էլ Մարտի 1-ի զոհերի  հիշատակին հանրահավաքն ու երթը դարբինների (ժողովրդի)՝ կռանով իջեցրած այն հարվածն է սալին, որով այս հարցերը, քանի դեռ լուծված չեն, մոնւմ են երկրի և աշխարհի քաղաքական օրակարգում: Այս տարի դարբինը չզարկեց կռանը սալին:

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Չորրորդ Ինքնիշխանություն»

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ազգային գաղափարախոսության մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բերլուսկոնին աչքի բորբոքման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ‘