‘«Այրված հողի» քարոզչություն, կամ` լավ էլի, ժողովուրդ, հիասթափվեք, էլի ‘

1057

Իշխանական քարոզչամեքենան հերթական անգամ խուճապի մեջ է հայտնվել: Այլ կերպ դժվար է անվանել նրանց կողմից ժողովրդին հրամցվող տեղեկատվական խայծերի նոր չափաբաժինը: Այս անգամ փորձ է արվում ներկայացնել, թե իբր Հայաստանում քաղաքական դաշտը հայտնվել է ամայության մեջ, որտեղ Սերժ Սարգսյանին ոչ մի դիմադրող ուժ չկա, որ այդ ուժերն ավելի վատ ու խոցելի վիճակում են գտնվում, քան ինքը Սերժ Սարգսյանը: Մարդկանց մեջ հուսահատություն սերմանելու այս պարզագույն հնարքով փորձում են քաղաքացիներին համոզել, թե որեւէ նախադրյալ չկա, որ մինչեւ նախագահական ընտրություններ իրավիճակը կարող է փոխվել, եւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը իբր հանգիստ կվերցնի իշխանությունը: Իբր, Սարգսյանը ընտրությունները կեղծելու կարիք էլ չի ունենա, քանի որ մրցակից չունի` այն առանց կեղծիքի էլ կստանա:

Հայկական մի լավ ասացվածք կա, որն այս դեպքում էլ լավագույնս կիրառելի է` Սերժ Սարգսյանը «ծոծրակը կտեսնի, երկրորդ նախագահական պաշտոնավարումը չի տեսնի»: Դա շատ լավ հասկանում է հենց ինքը Սերժ Սարգսյանը, դա շատ լավ հասկանում են նաեւ իշխանական քարոզությանը լծված լրատվամիջոցները, սակայն հենց ամբողջ խնդիրն էլ այն է, որ նրանք այդքանը շատ լավ հասկանում են: Իշխանություններն այնքան սարսափած են այն մտքից, որ մի երկու ամիս էլ՝ ու վերջ` կարող են կորցնել իշխանությունը, որ սկսել են քաղաքական դաշտն ամայացնելու փորձեր անել: Ռազմական արվեստին կամ պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկը կարող է այստեղ հստակ տեսնել, որ իշխանությունները քարոզչության ոլորտում կիրառում են «այրված հողի» մարտավարությունը: Պատերազմի ժամանակ այն դրսեւորվում էր այսպես. նահանջող կողմը նահանջից առաջ կրակի էր մատնում եւ ամայացնում այն տարածքները, որտեղից նահանջում էր: Ասել է թե` օգտագործման համար պիտանի որեւէ բան չէր թողնում իրենից հետո: Այժմ էլ ահա իշխանությունները քարոզչական «այրված հողի» մարտավարությամբ պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ: Խնդիրը հստակ է` հիասթափեցնել, հնարավորինս շատ հիասթափեցնել հասարակությանը, սերմանել այն գաղափարը, թե իբր քաղաքական դաշտում այլընտրանք գոյություն չունի, քաղաքական դաշտում ամայություն է:

Սակայն պետք է հստակ արձանագրել, որ նման քարոզչական քաղաքականությունը տրամաբանորեն հուշում է մի բանի մասին. եթե իշխանություններն իրականում վստահ լինեին, որ կարողանալու են վերարտադրվել 2013-ին, եթե իրոք վստահ լինեին, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, որ նա կարող է առանց կեղծելու էլ հաղթել, ապա նրանք ամեն օր այդ մասին չէին տարփողի: Իսկ եթե ամեն օր առավոտից երեկո փորձում են մարդկանց հասցնել այս խայծը, նշանակում է՝ իրականում Սերժ Սարգսյանը վտանգ է տեսնում, եւ այդ վտանգը հասարակության կոնսոլիդացիան է իր դեմ: Նա, ուրեմն, ոչ թե կարծում է, որ այդ կոնսոլիդացիան անհնար է, այլ հակառակը` այն արդեն տեսանելի է համարում: Այնքան տեսանելի, որ արդեն անցել է վերջին` պահուստային տարբերակին` «այրված հողի» քարոզչական մարտավարությանը: Սակայն իշխանությունները մոռացել են մի կարեւոր բան եւս. եթե անգամ իքս մարդուն հնարավոր է լինելու հասցնել հուսահատության, ապա այդ հուսահատությունը տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ զգացումն արթնացնող իրադարձություն տեղի չի ունենում: Ասել է թե՝ հենց հասարակական կոնսոլիդացիան Սերժ Սարգսյանի դեմ սկսի գործել ավելի տեսանելի, այս քարոզչական խայծը եւս հօդս կցնդի. կմնան միայն այդ քարոզչության համար ծախսված եւ վատնված գումարները:

Հ.Գ. Եթե Սերժ Սարգսյանն իրոք համարեր, որ վերարտադրվելու հարցում ինքը խնդիր չունի, ապա սեփական փեսայի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների ամենօրյա թիվ մեկ խնդիրը չէր դարձնի այն հարցը, թե արդյոք ե՞րբ է իր առաջադրման մասին խոսելու ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Մուսա Բադալյան

 

Լուսանկարը` Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի ղեկավարը նորաձևության զոհ է դարձել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘2013թ. հունվարին կարող է տեղի ունենալ «Բարսելոնա»-«Ռեալ» հերթական կլասիկոն’