‘
ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինն իր կառավարության գերակայություններից մեկն է հայտարարել պայքարը կոռուպցիայի դեմ: Այդ պայքարը, նրա պոետիկ արտահայտությամբ՝ «պետք է տարվի թե՛ ճանճերի, թե՛ վագրերի դեմ»: Այսինքն՝ նշանառության տակ կլիենեն ոչ միայն մանր կաշառակերները, այլև խոշոր պաշտոնյաները:
Կամպանիան արդեն տվել է իր պտուղները. բացի մանր կաշառակերներից՝ մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև «ծանրքաշային» քաղաքական գործիչներ: Եւ դրանում բավական կարևոր դերակատարում ունեն կոռուպցիոներների սիրուհիները: Վիճաբանությունից կամ խանդի տեսարաններից հետո նրանք համացանցում տեղադրում են իրենց հովանավորների վերաբերյալ կոմպրոմատներ, ինչն էլ նրանց դեմ քրեական գործեր հարուցելու հիմք է հանդիսանում:
Պաշտոնյաների շարքերը մաքրելու այս արշավի յուրահատկությունը պայքարն է անձնական կյանքում էթիկական խնդիրների հետ կապված կոռուպցիայի դեմ: Գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը բազմիցս է արտահայտվել բարոյականության նորմերը խախտողների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորելու անթույլատրելիության մասին: Պաշտոնյաները պետք է ամեն ինչում համեստ և ժողովրդին մոտ կանգնած լինեն: Գործնականում դա նշանակում է, որ նրանք պետք է կրճատեն արտասահմանյան ուղևորությունները, հրաժարվեն ներկայանալի ավտոմեքենաներից և կորպորատիվ խնջույքներից: Ընկեր Սին անձնական օրինակ է ծառայում դրա համար. նա կարգադրել է կրճատել իրեն ուղեկցող կորտեժի ավտոմեքենաների թիվը և ժամանակ առ ժամանակ էլ ճաշում է Պեկինի հասարակական սննդի կետերում՝ սովորական ճաշարաններում:
Կուսակցական արդարադատության ձեռքը հասնում է նաև պաշտոնյաների ննջարաններին: Վերջին ժամանակները կոռուպցիոն սկանդալներին մասնակից են ղեկավարների սիրուհիները, ինչը նույնիսկ հատուկ տերմինի ստեղծման պատճառ է դարձել՝ «պայքար սեքս-կոռուպցիայի դեմ»:
Ի՞նչն է ստիպում չինացի իրավապահներին ուշադրություն դարձնել ժողովրդի ծառաների սեռական կյանքին: Այս հարցի պատասխանը կապված է «երկրորդական կանանց» ֆենոմենի հետ: Չինական ԶԼՄ-ները պնդում են, որ բացահայտված կոռուպցիոներների ճնշող մեծամասնությունը մեկ կամ մի քանի սիրուհի է պահել, և կոռուպցիոն հանցագործությունների 60 %-ից ավելին կատարվել է հանուն այդ սիրուհիների: Սոցիոլոգների կարծիքով՝ այդ ամենը կապված է ժամանակակից բիզնես-մշակույթի յուրահատկությունների հետ: Այսօր Չինաստանում տարածված է այն համոզմունքը, թե տղամարդը չի կարող հաջողակ համարվել, եթե օրինական կնոջից բացի՝ թեկուզ մի սիրուհի չի պահում: «Դա ոչ միայն ֆիզիոլոգիական պահանջ է, այլև կարգավիճակի ցուցիչ: Հակառակ դեպքում քեզ պարզապես լուրջ չեն ընդունի»,- բնորոշել է պաշտոնանկ արված տեղական ղեկավարներից մեկը: Մեկուկես տարի առաջ դատապարտված՝ Չինաստանի երկաթուղու նախկին նախարար Լյու Չժիցզյունը, «Սինխուա»-ի տեղեկությունների համաձայն՝ 18 սիրուհի էր պահում: Ուշագրավ է, որ նահանգների պաշտոնյաներն այդ առումով հաճախ գերազանցում են համաչինական մակարդակի ղեկավարներին: Ընդ որում՝ պաշտոնյաներն իրենց սիրուհիներին ոչ միայն ապահովում են կացարանով, նվերներ անում նրանց, այլև ամսական «աշխատավարձ» են վճարում:
Ուշագրավ է նաև, որ մեծ քաղաքներում վարձու կամ «երկրորդական կանայք» հաճախ բավական կոմպակտ բնակություն են հաստատում: Օրինակ՝ Շենչժենում մի ամբողջ թաղամաս տեղացիների կողմից ստացել է «երկրորդական կանանց ավան» անվանումը: Այնտեղ նրանց համար ստեղծվում են իրենց հետաքրքրություններին համապատասխանող ակումբներ, որտեղ «քեռիների» այցելությանն սպասող կանայք զբաղվում են շեփինգով, հանդիպում են իրար հետ, բամբասում տղամարդկանցից: Նրանցից ոմանք իրենց վաստակած փողն ուղարկում են հարազատներին, ոմանք կարողանում են սեփական բիզնեսն ունենալ: Այլ կերպ ասած՝ երկրորդական կանայք պոռնկության ինդուստրիայի մեջ ընդգրկված կանանց հիերարխիայի ամենավերին աստիճանին են (կանադացի հետազոտողներից մեկի կարծիքով՝ Չինաստանում այդ բիզնեսում զբաղված կանայք հնգաստիճան բուրգ են կազմում՝ սկսած մեծահարուստ բիզնեսմենների ու պաշտոնյաների սիրուհիներից՝ մինչև սիրո փողոցային քրմուհիներ, որոնք սպասարկում են գյուղական վայրերից ժամանածներին):
Երկրորդական կանանց մասնագիտությունը նաև բավական վտանգավոր է: Մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում տարբեր պատճառներով նրանց նկատմամբ հաշվեհարդարների մասին: Մյուս կողմից՝ սիրուհիները վախենում են մրցակցությունից, և դա «քեռիների» հետ հակասությունների ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Խանդից դրդված՝ երկրորդական կանայք հաճախ համացանցում տեղադրում են իրենց հովանավորներին վարկաբեկող տեղեկություններ, դա Չինաստանում համաճարակի նման բան է դարձել: Դրա արդյունքում Չինաստանում նույնիսկ հատուկ հասկացություն է առաջացել՝ «պայքար կոռուպցիայի դեմ՝ պաշտոնյաների սիրուհիների միջոցով»: Ինչպես հաղորդել է «Սինխուա» գործակալությունը՝ կոռուպցիոն հանցագործությունների 15 %-ը բացահայտվել է հենց ծախու պաշտոնյաների սիրուհիների միջոցով:
Ըստ lenta.ru-ի
‘