Անահիտ Օհանյան. Մի՞թե իրոք այդքան դժվար է հասկանալ

1355

Անահիտ Օհանյանը Ֆեյսբուքում գրել է.

«փաշինյանի հակահայ քաղաքականությունն այլևս ոչ զարմացնում է, ոչ էլ առանձնապես նյարդայնացնում, այն վաղուց կանխատեսելի էր։ Նրա ամբողջ վարքագիծը մեկ նպատակ ունի` ցանկացած գնով պահպանել իշխանությունն ու անձնական ապագան։

Սակայն իրական մտահոգությունն ընդդիմադիր դաշտի այսօրվա դիրքավորումն է: Դեռ պահպանվում է պատրանքը, թե մասնատված ու առանձին խաղալով հնարավոր է հաղթել գործող անհայրենիք իշխանությանը։ Այս պայմաններում նրա 15–20 տոկոսանոց կայուն էլեկտորատը լիովին բավարար է կեղծիքներով վերարտադրվելու 60 տոկոսի։

Այսօր նիկոլն իրեն պահում է ոչ այնքան վարչապետի, որքան ամենայն հայոց տիրակալի դիրքից թելադրելով քաղաքական խաղի կանոնները, որոշել` ով կարող է մասնակցել ընտրություններին, ով` ոչ, ում նկատմամբ կիրառել ճնշումներ ու բանտ, իսկ ում ժամանակավորապես «ներել»։ Ու նաև` ով պիտի զոհվի հանուն իր իշխանության, որքան հող պիտի զիջվի դրա պահպանության համար։

Եվ եթե ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե պայքար են մղում միայն այս իշխանության դեմ, ապա մեծ հավանականությամբ գործ ունենք ինքնախաբեության կամ քաղաքական կարճատեսության հետ։

Մի՞թե իրոք այդքան դժվար է հասկանալ, որ այսօր Հայաստանը փաստացի կառավարվում է արտաքին շահերի ազդեցության ներքո նիկոլի միջոցով, և այդ շահերի առաջնահերթությունը Հայաստանի բարգավաճումը չէ, այլ սեփական աշխարհաքաղաքական նպատակների սպասարկումը։ Իսկ նման գործընթացների վերջնարդյունքը, եթե ժամանակին չկանգնեցվի, կարող է լինել պետության վերջնական ադրբեջանացումը:

Եվ այս պայմաններում փորձել միայնակ պայքարել նման ուժերի դեմ` հույսը դնելով պառակտված, իրարից հեռացած հասարակության վրա, քաղաքականորեն պարզապես ինքնակործան մոտեցում է։ Առանց համախմբման ու սառը հաշվարկի նման պայքարը ոչ մի լուծում էլ չի տալու:

Թվում էր, նախորդ ընտրությունները պետք է լուրջ դաս դառնային, սակայն այսօր ավելի ու ավելի է ձևավորվում տպավորություն, որ որոշ ներքին շրջանակների համար առաջնայինը ոչ թե իշխանափոխությունն է, այլ խորհրդարան անցնելու հաշվարկը։ Այդպես իշխանությունը պահվում է այնքան ժամանակ, մինչև ավարտվեն արտաքին պարտավորությունները, կատարվեն սահմանադրական փոփոխությունները, և ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, իսկ հետո արդեն նույն ուժերը հանդես կգան «փրկչի» դիրքերից` հասարակությանն առաջարկելով հերթական քաղաքական բեմադրությունը։

Պետականության հարցում նման խաղերը չափազանց թանկ են արժենում։ Իսկ պատմությունը սովորաբար շատ խիստ է վերաբերվում նրանց հանդեպ, ովքեր անձնական կամ խմբային շահը վեր են դասում ազգային անվտանգության ու պետության ապագայի նկատմամբ»։

Նախորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 64. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ 2008 թ. Հուլիսի 4-ի հանրահավաքում
Հաջորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 65. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ 2008 թ. oգոստոսի 1 ի հանրահավաքում