‘
Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Մյունխենից ոչ հեռու՝ Դահաուի նախկին համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր: Նրան ուղեկցել է Դահաուի նախկին կալանավորների կոմիտեի նախագահ, 93-ամյա Մաքս Մանհեյմերը:
Մերկելը Գերմանիայի պատմության ընթացքում առաջին կանցլերն է, որ այցելել է Դահաու: Երկու տարի առաջ նա այցելել էր նաև Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար:
Դահաուն Գերմանիայի տարածքում ստեղծված առաջին համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ նացիստները պահում էին հրեա, գնչու և համասեռական կալանավորներին: Դահաուով անցել են ավելի քան 200 հազար կալանավորներ, նրանցից 41 հազարը զոհվել է:
Գերմանական կառավարության ղեկավարը հայտարարել է, որ մահվան ճամբարների կալանավորների հիշատակը «խորը ցավ և ամոթ» է իր համար: «Ինչ-որ ժամանակ մեր կողքին եղել է համակենտրոնացման ճամբար: Ցանկացողները կարող էին տեսնել և իմանալ՝ ինչ է կատարվում այնտեղ: Ահա թե ինչու է կարևոր, որ մենք այլևս երբեք այդքան կույր ու խուլ չլինենք, որպեսզի դա երբեք այլևս չկրկնվի»,-ասել է Մերկելը:
Դահաու այցից հետո Մերկելը մասնակցել է նախընտրական հանրահավաքի, ինչը թեժ եր տեղիք է տվել քաղաքական շրջանականերում: «Կանաչների» խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե նման վայրեր այցելելուն պետք է չափազանց մեծ պատասխանատվությամբ վերաբերվել, այլ ոչ թե դա անել նախընտրական քարոզչության ընթացքում, հետո էլ գարեջուր վայելել: Մերկելի պաշտպանությամբ է հանդես եկել Հրեական համաշխարհային կոնգրեսի փոխնախագահը՝ գովեստի արժանի համարելով այն փաստը, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում կանցլերն այցելել է նաև նախկին համակենտրոնացման ճամբար, փոխանցում է euronews-ը:
‘