‘ Անգլիայի և Իտալիայի պայքարը, Ուրուգվայի անակնկալ պարտությունը. այսպիսին էր Մունդիալի երրորդ оրը.ամփոփում’

817

Օրվա արդյունքը. Կոլումբիա-Հունաստան՝ 3:0, Ուրուգվայ-Կոստա Ռիկա՝ 1:3, Անգլիա-Իտալիա՝1:2, Կոտ դ’Իվուար – ճապոնիա 2:1

 

Օրվա սենսացիան. Ուրուգվայի անսպասելի պարտությունը՝3:1 հաշվով:

Օրվա խոսքը. Բելգիայի հավաքականի պաշտպան Վենսան Կոմպանին, Բրազիլիայում տեղի ունեցող իրադարձություններով տպավորված, այն բանից հետո, երբ Կոստա Ռիկան առաջ անցավ Ուրուգվայի հետ խաղում, տվիթերյան իր էջում գրել է. «Աշխարհի այս առաջնությունը … խելագարություն է: Անհամբեր եմ, երբ կգա նաև մեր հերթը»:

Օրվա թիվը. 9-ը՝  կարմիր քարտը, որը մրցավարը ցույց տվեց Ուրուգվայի պաշտպան Մաքսիմիլյանո Պերեյրային, ուրուգվայցիների համար դարձավ աշխարհի առաջնություններում  ստացած 9-րդը:  Ավելի շատ հեռացումներ ունեն Արգենտինայի հավաքականը (10) և Բրազիլիան (11): Պետք է նշել, որ Ուրուգվայը աշխարհի առաջնությունների եզրափակիչներին մասնակցել է 12 անգամ,  Արգենտինան՝16, իսկ Բրազիլիան՝ 20: 

Օրվա ռեկորդակիրը. Կեյսուկե Հոնդան՝ «Միլան»-կիսապաշտպանը,  դարձավ Ճապոնիայի ռեկորդակիր: Կոտ դ’Իվուարի դեմ խաղում Հոնդան  16-րդ րոպեին գոլ խփեց, որ դարձավ ֆուտբոլիստի՝ աշխարհի առաջնություններում խփած երրորդ գոլը: Սա Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեջ լավագույն արդյունքն է: Հարավաֆրիկայան Հանրապետությունում Հոնդան երկու գոլ է խփել՝ Կամերունին և Դանիային: Նշենք նաև, որ Ճապոնիան աշխարհի առաջնություններին մասնակցում է 1998 թվականից:

Օրվա տարоրինակ  դեպքը. Անգլիա — Իտալիա խաղի ժամանակ  անսովոր ձևով վնասվածք ստացավ բրիտանացիների ֆիզիոթերապևտ Գարրի Լևինը: Վերջինս այնպես էր ուրախացել Դանիել Ստարիջի խփած գոլով, որ ոտքը ոլորել է և կոտրել կոճը: Նրան մարզադաշտից հեռացրին պատգարակով:

 

Օրվա դեպքը. La Gazzetta Dello Spor-ի տեղեկացմամբ՝   Մանաուսի  «Արենա Ամազոնյա» մարզադաշտում, որտեղ խաղում էին Անգլիան և Իտալիան, տեռորիստական գործողության վտանգ կար: Այս մասին վերոնշյալ հրատարակչությունը հայտնել է իր թվիթերյան պաշտոնական  էջում:  La Gazzetta Dello Sport-ի տվյալներով, կասկած է եղել այն մասին, որ մարզադաշտի մոտ կայանած ավտոբուսներից մեկում ռունբ է տեղադրված: Այն հայտնաբերել է հատուկ վարժեցրած շունը՝ զգալով վառոդի հոտը: Սակայն, մի փոքր ավելի ուշ, ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի տերորիստական գործողություն չի եղել, իսկ հիշյալ ավտոբուսը տարվել է ավտոկանգառ:

 

Նախորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարը կամային հաղթանակ է տանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիա — Էկվադոր. Խաղից առաջ’