Անդամահատել են պացիենտի առողջ ոտքը

190

Ավստրիայի Լինց քաղաքում դատարանը 2 700 եվրո տուգանք է նշանակել վիրաբույժին, որը սխալմամբ անդամահատել է պացիենտի աջ ոտքը՝ ձախի փոխարեն։ Ընդ որում՝ սխալը հայտնի է դարձել վիրահատությունից երկու օր անց։

Պացիենտը մահացել է դատավարությունից քիչ անց, նրա այրին նույնպես փոխհատուցում է ստանալու՝ 5 000 եվրոյի չափով։

82-ամյա տղամարդը (նրա և բժշկի անունները չեն հաղորդվում) Ֆրայշտադտ քաղաքի հիվանդանոց է ընդունվել այս տարվա մայիսին, ձախ ոտքի անդամահատման նպատակով։ Սակայն վիրաբույժը, անհասկանալի պատճառներով, անդամահատել է նրա աջ ոտքը, ընդ որում՝ միանգամայն բարեհաջող։ Սխալմունքը հայտնաբերվել է երկու օր անց, վիրակապը փոխելիս, և հիվանդին հայտնել են, որ նրա մյուս ոտքը նույնպես պետք է անդամահատվի։

Այն ժամանակ հիվանդանոցի ղեկավարությունը հայտարարել է, թե միջադեպը տեղի է ունեցել «անբարենպաստ հանգամանքների պատճառով», իսկ գլխավոր բժիշկը ներողություն է խնդրել։ Սակայն գործը հասել է դատարան, որտեղ այն հարցին, թե ինչու է անդամահատվել աջ ոտքը՝ ձախի փոխարեն, վիրաբույժը պատասխանել է․ «Չգիտեմ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 558 նոր դեպք, 21 մահ
Հաջորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Սերբիան հաղթեց ղազախներին եւ կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հետ