‘
ԱԺ-ում իդիլիական մթնոլորտում քննարկվեց հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու մասին նախագիծը եւ առաջին ընթերցմամբ էլ միաձայն ընդունվեց: Ընդհանրապես, այս իշխանությունները երկու տեսակ օրինագծեր են ներկայացնում ԱԺ-ի դակմանը. այնպիսիք, որոնք աշխատելու են, այսինքն՝ բովանդակային առումով սպասարկում են իշխանավորների եւ նրանց մերձավորների անձնական շահերը, եւ նրանք, որոնք չեն աշխատելու, դեկլորատիվ բնույթ են կրում եւ հրապարակավ, իբր պետք է սպասարկեն ժողովրդի շահերը: Այս երկրորդ շարքում են այն բոլոր նախագծերն ու օրինագծերը, որոնք ավելի շատ պարտադրվում են միջազգային կառույցների կողմից, եւ կամ էլ՝ արվում են միջազգային կառույցների աչքին թոզ փչելու, եւ այդպիսով՝ այդ եվրոսիլիբիլիի արանքում իրենց իշխանությունը երկարաձգելու համար:
Այս օրինագիծը հենց այդ երկրորդի շարքից է, եւ բնական է, որ առնվազն միամտություն կլինի կարծել, թե կոռուպցիայի հայրերն ու ջատագովները որոշել են պայքար մղել կոռուպցիայի, այսինքն՝ իրենք իրենց դեմ: Սա այն պարզ իրողությունն է, որ հայտնի է գրեթե բոլորին: Եւ այս առումով թերեւս միակ անակնկալը Դաշնակցության խմբակցության նորաթուխ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի երեկվա ելույթն էր, որտեղ վերջինս «սարսափահար» կոչ էր անում զերծ մնալ այս օրինագծից, քանզի այն օրինագիծ է «գործ տալու» մասին, իսկ «գործ տալը» հայեցի չէ, ու քանի որ մենք հայու գենի պահպանման խնդիր ունենք, եկեք հայ մնանք ու հայապահպանությամբ զբաղվենք: Գրեթե այպիսին էր Անդրանիկի անդրանիկ ելույթը, ով թերեւս առաջին անգամ հայտնվելով խորհրդարանում՝ չէր հասցրել ծանոթանալ իշխանության իրական տարաբաժանման ներքին կանոնակարգին, եւ թերեւս իսկապես ենթադրել էր, թե իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի մտադրություն ունեն: Իհարկե, դատելով արձագանքներից, սա կլինի Անդրանիկի ոչ միայն անդրանիկ, այլեւ՝ վերջին ելույթը, որովհետեւ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում վերջինս ցույց տվեց, որ ամեն խմբակցություն ունի իր Գալուստ Սահակյանը, իսկ ֆեյսբուքահայությունն էլ հումորի նոր դոզա ստացավ:
Այստեղ, սակայն, եթե մի կողմ ենք թողնում քաղաքական պահը, մի ուշագրավ հանգամանք է ի հայտ գալիս: Անդրանիկ Կարապետյանը ինքնաբերաբար ասաց այն, ինչ իրականում մտածում են իշխանության ներկայացուցիչները, պարզապես նրանցից առավել «ցիվիլները» եւ գրագետները կարողանում են ԱԺ ամբիոնից ճոռոմ ելույթներ ասել՝ դեկլարատիվ նախագծերը ժողովրդավարության քողի տակ տաքուկ ծածկելով ու քողարկելով: Իսկ նրանք էլ, ովքեր դա անել չեն կարողանում, ուղղակի լռում են:
Եւ ահա, այդ նեղ մաջալին երեւան է գալիս մի Անդրանիկ, եւ իր անդրանիկ ելույթով ասում այն, ինչ մտածում են իշխանության մեջ եղած բոլորը, սակայն չեն բարձրաձայնում: Կոռուպցիայի դեմ պայքարը հայեցի չէ, էդ եվրոպաներում ավանդույթ դարձած ժողովրդավարական կարգերը մեր հագով չեն, ու ընդհանրապես, եկեք հայ մնանք, կենաց ասենք, ընտրություններ կեղծենք, իրար կաշառք տանք ու, ամենավատը՝ հայտարարենք, թե դա է հենց հայեցին: Մոռանալով, որ դա այս իշխանությունների բնույթն է, ոչ թե ազգի եւ առավելեւս՝ ՀՀ քաղաքացիների:
Հ.Գ. Ի դեպ, ինչպես կասեր Գալուստ Սահակյանը, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարելը դեռ կոռուպցիայի դեմ պայքարել չէ:
Իշխան Պողոսյան
‘