‘Անդրանիկ Թևանյան. Իշխանափոխությունը ՀՀ-ի անվտանգության և զարգացման բանաձևն է’

1512

«Վիլնյուսի հարցում ձախողվեցին և´ Հայաստանի իշխանությունները, և´ Արևմուտքը». ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե վերջնական ինտեգրվելու հարց չէին դրել իրենց առջև. դա զուտ իշխանության պահպանման խնդիր էր, քանի որ Եվրոպայից ընտրակեղծիքների և բոլոր աղաղակող իրավախախտումների հարցում աջակցություն ստանալու նպատակով Սերժ Սարգսյանը, փաստորեն, անհավանական՝ հակառուսական կոալիցիայի մեջ մտնելու խոստումներ էր տվել: Իսկ դա, ըստ Թևանյանի, անհեթեթություն է, քանի որ Հայաստանը անվտանգության համակարգի տեսակետից Մոսկվայի հետ պայմանագիր ունի (ՀԱՊԿ անդամ է): «Մենք չենք կարող Ղարաբաղի գնով մոռանալ մեր անվտանգության համակարգը և ինտեգրվել «լուսավոր» Եվրոպային»,-ասել է Թևանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում ճիշտ ճանապարհն այն էր, որ Հայաստանը ոչ Մաքսային միությանը միանար, ոչ էլ ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, որը բանակցվել էր: Եթե այն փաթեթը, որը բանակցվել էր ԵՄ-ի հետ, ստորագրվեր, կոնֆլիկտային վիճակ էր ստեղծվելու. Հայաստանը կոնֆլիկտների թատերաբեմ էր դառնալու Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Սակայն, ինչպես նշում է Թևանյանը, Հայաստանը այդպիսի ռեսուրսներ չունի, որպեսզի թույլ տա, որ իրեն երկու կողմից քաշքշեն: «Պետք էր հավասարաչափ քայլերով բաց գործընթաց տանել: Պետք է Հայաստանի հասարակության հետ քննարկվեր՝ ինչ չափաբաժնով խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ չվնասելով Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական հարաբերությունները: Սակայն այս երեք ու կես տարվա ընթացքում այնպիսի գիծ որդեգրվեց, որ Ադրբեջանը կարողացավ իր դիրքերում մնալ, լավացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները և զենք ստացավ: Կոպիտ ասած՝ Ալիևը ոչ մեկին «չքցեց»: Ալիևը ի սկզբանե չմտավ ԱԳ գործընթացի մեջ և ոչինչ չխոստացավ»:

Հարցազրույցի ավարտին Թևանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ եվրոպական արժեքների ինտեգրման առումով Հայաստանն այլընտրանք չունի: Այլ բան են արժեքները, և այլ բան՝ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական հարցերը: Բոլոր հարցերը լուծվում են Երևանում: Կարծում եմ՝ իշխանափոխությունը արդեն ոչ թե քաղաքական քմահաճույք է, այլ ՀՀ-ի անվտանգության և զարգացման բանաձև»:

Նախորդ հոդվածը‘Խաչիկյանի և «բանդայի» գործերը կքննվեն զրոյից’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Դատապարտված թռիչք Վիլնյուսյան գագաթնաժողովի վրայով ‘