‘Անկախանալու դեպքում Շոտլանդիան ստիպված կլինի դիմում տալ ԵՄ և ՆԱՏՕ մտնելու համար’

581

Եթե Շոտլանդիան անկախանա, ապա նա ստիպված կլինի դիմել Եվրամիություն և ՆԱՏՕ ընդունվելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել են այդ կառույցների ներկայացուցիչները: Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:

Պատասխանելով Reuters գործակալության հարցին՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը հայտարարել է. «Շոտլանդիայի ապագան պետք է որոշեն շոտլանդացի ժողովուրդը և Բրիտանիայի քաղաքացիները»: Նա հավելել է, որ Եվրամիության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ չի փոփոխվել:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն բազմիցս հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեպքում Շոտլանդիան կդադարի Եվրամիության անդամ լինել և պետք է դիմի՝ այդ կառույց մտնելու համար:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը անանունության պայմաններում Reuters-ին տեղեկացրել է, որ Շոտլանդիայի անկախության հարցը չի քննարկվել դաշինքի անդամ երկրների կողմից, ուստի այդ ռազմական դաշինքին Շոտլանդիայի միանալու վերաբերյալ որոշում չկա: «Սակայն ենթադրվում է, որ իրավաբանորեն՝ անկախություն հայտարարելու դեպքում Շոտլանդիան կդիտվի որպես նոր պետություն, որը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չէ»,- հայտարարել է այդ կազմակերպության ներկայացուցիչը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աբովյան փողոցում ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր ‘