Անկախության հանրաքվե – 2

1471

Հատված Աշոտ Սարգսյանի «Հայաստանի անկախության վերականգնումը. 1990-1991» գիտական աշխատությունից, մասնակի կրճատումներով

Սկիզբը` այստեղ

2. Վերջին խոչընդոտների հաղթահարումը, անկախության հանրաքվեի իրականացումը

 Օգոստոսյան հեղաշրջման փորձի ձախողումից հետո նաեւ այն հանրապետությունները, որոնք պատրաստ էին ստորագրել միութենական պայմանագիրը, իրենց օրենսդիր մարմինների որոշմամբ հապշտապ անկախություն հռչակեցին: Թվում էր, թե այլեւս անիմաստ է հանրաքվեի անցկացումը կապել ԽՍՀՄ համապատասխան օրենքի պահանջների հետ, եւ որ նույն բանը կարող է անել նաեւ Հայաստանը: Սակայն հանրապետությունների Գերագույն խորհուրդների՝ նման որոշումներով անկախությունների հռչակումներն, ըստ էության, կմնային որպես քաղաքական քայլեր չէին կարող իրավական հետեւանքներ ունենալ, եթե ինչ-որ կերպ ԽՍՀՄ-ը, թեկուզ ձեւական, շարունակեր գոյատեւել, ինչի հնարավորությունը դեռ պահպանվում էր, եւ դրա համար ջանքեր էին թափվում։ Այն հույսերը, թե Ժողովրդական պատգամավորների առաջիկա համագումարը կճանաչի այդ կերպ հռչակված անկախությունները, իհարկե, չարդարացան։ Հայաստանը, նշանակած լինելով Անկախության իր հանրաքվեն սեպտեմբերի 21-ին, չտրվեց գայթակղությանը եւ չգնաց այդ ճանապարհով։ Սակայն առիթը եւ ստեղծված մթնոլորտը չէր կարող չօգտագործվել քաղաքական ընդդիմության կողմից, հիմք ծառայել նրա նոր ակտիվացման համար։ Նրանք հիմա է՛լ ավելի վճռականորեն սկսեցին պնդել առանց հանրաքվեի, միայն Գերագույն խորհրդի որոշմամբ, օր առաջ անկախության հռչակման իրենց պահանջը, այն դեպքում, երբ հանրաքվեին մնացել էր ընդամենը 20-25 օր։ Ընդ որում՝ այդ պահանջին միացան նաեւ սկզբունքորեն անկախության դեմ գործող ուժերը՝ այդ օրերին կիսամեռ, ինքնալուծարման առջեւ կանգնած ՀԿԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Այս ուժերը ակնհայտորեն մի նպատակ էին հետապնդում. մի վերջին փորձը կատարել հանրաքվեն ձախողելու ու դրանով իսկ անկախությունը իրավական առումով խոցելի դարձնելու համար։

Դեռ օգոստոսի 20-22-ի ծանր ու պատասխանատու օրերին Գերագույն խորհրդի մի քանի պատգամավորներ առանց հանրաքվեի, միայն Գերագույն խորհրդի որոշմամբ անկախություն հռչակելու հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջ էին ներկայացվել ԳԽ նախագահությանը։ Նույն հարցը, այս անգամ արդեն՝ նրանց միացած եւս մի քանի պատգամավորների եւ նախագահության անդամների ստորագրությամբ, մտցվեց Նախագահության նիստի օրակարգ եւ եռօրյա բուռն քննարկում ունեցավ օգոստոսի 26-28-ին (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 29.08.1991): Ըստ էության, նույն պահանջի կողմ էր քարոզում նաեւ Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հորդորելով «պահը չկորցնել» (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 29.08.1991: Նրանց ներկայացրած նախագիծը չանցավ: Դրա փոխարեն Գերագույն խորհրդի նախագահությունն օգոստոսի 29-ին հայտարարություն ընդունեց պետական հեղաշրջման ձախողումից հետո ԽՍՀՄ-ում ստեղծված իրավիճակի մասին՝ արձանագրելով, որ հեղաշրջումից հետո այն քայլերն ու փոփոխությունները, որ անում են մյուս հանրապետությունները, Հայաստանում վաղուց արդեն իրականացված են: Նախագահությունը, միաժամանակ, համարում էր, որ փոփոխված իրադրությունում եւս կայանալիք հանրաքվեն հույժ անհրաժեշտ է, քանզի այն «ապագա անկախ պետականության հաստատման, ճանաչման եւ հաստատման համար իրավական եւ քաղաքական կայուն հիմք է ապահովում» (Տեղեկագիր ՀՀ ԳԽ-ի, 1991, 16, հոդվ. 362):

Իշխանությունը շարունակեց հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ պետականության նվաճման կարեւորագույն խնդրի լուծման ճանապարհը պետք է լինի այնպիսին, որ բավարարի դեպքերի եւ իրադարձությունների հետագա հնարավոր զարգացման բոլոր, այդ թվում՝ նաեւ վատթարագույն տարբերակներին, այսինքն՝ երկրի անկախությունն իրավական առումով անխոցելի եւ ընդունելի լինի ե՛ւ տվյալ պահի համար, ե՛ւ հետագայի՝ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Եթե ԽՍՀՄ-ը կազմաքանդվեր հենց այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հաջորդ 3-4 ամիսներին, ապա կայացված հանրաքվեն ոչնչի չէր խանգարի, ընդհակառակը, իրավական առումով կլիներ անկախության ճանաչման համար շատ ավելի ծանրակշիռ հիմք, քան մյուս հանրապետությունների օրենսդիր մարմինների ընդունած որոշումները։ Բայց հնարավոր էր, որ, թեկուզ կենտրոնական իշխանության ձեւական պահպանմամբ ԽՍՀՄ-ը շարունակեր առժամանակ գոյատեւել, ինչին միտված էին նաեւ Արեւմուտքի դիրքորոշումը եւ ջանքերը։ Այդ դեպքում Հայաստանի անկախության հռչակման հիմքը օրինական կլիներ եւ միջազգային ճանաչման հարցում խոչընդոտի առիթ չէր դառնա: Այսինքն՝ հենց այս հնարավորությունը բացառելուն էր ուղղված առանց հանրաքվեի, ԳԽ-ի որոշմամբ օր առաջ անկախություն հռչակելու ընդդիմության պահանջը։

Համապատասխան բացատրություններն, անշուշտ, զանազան քննարկումների ժամանակ մատուցվել էին ընդդիմությանը, սակայն առանց հանրաքվեի անկախություն հռչակելու կողմնակիցները ո՛չ բացատրություններին անսացին, ո՛չ էլ կրած անհաջողություններից հետո հուսահատվեցին։ Նրանք փորձեցին նույն հարցով Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով հավաքել պատգամավորների 1/3-ի ստորագրությունները, ինչը նրանց չհաջողվեց: Դրանից հետո էլ գործի դրվեց հանրահավաքներով ճնշում գործադրելու եւ սպառնալիքի միջոցը: Հինգ կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, ՀՀԿ-ն, ՍԻՄ-ը, ՀՔԴՄ-ն, օգոստոսի 31-ին համատեղ հանրահավաք կազմակերպեցին: Այստեղ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը հետին թվով մեղադրում էր իշխանությանը, որ Մոսկվայում տեղի ունեցած հեղաշրջման օրերին զսպվածության եւ խոհեմության կոչ արեց, մինչդեռ իրենք արտահերթ նստաշրջան եւ կտրուկ հայտարարություններ էին պահանջում: Նույն կուսակցության մի այլ անդամ՝ Հրայր Կարապետյանը համարում էր, որ Հայաստանը պետք է առաջնորդվի պահանջատիրության սկզբունքներով եւ անկախություն հռչակի Արցախի հետ միասին (տե՛ս «Երկիր», 03.09.1991): Հանրահավաքում «ընդունված» փաստաթուղթը պահանջում էր սեպտեմբերի 2-ին արտահերթ նստաշրջան հրավիրել եւ կայացնել հետեւյալ որոշումները.

ա) Սահմանադրական փոփոխություն կատարել եւ Արցախի շրջանները մտցնել ՀՀ վարչատարածքային կազմի մեջ: Հանրաքվեն եւ նախագահական ընտրությունները անցկացնել նաեւ Լեռնային Ղարաբաղում.

բ) Չեղյալ հայտարարել 1921թ. հոկտեմբերի 16-ի Կարսի, 1920թ. դեկտեմբերի 2-ի խորհրդայնացման, 1922թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման պայմանագրերը, ապօրինի ճանաչել 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը.

գ) Հռչակել ՀՀ անկախության վերականգնումը (այսինքն՝ առանց հանրաքվեի, Գերագույն խորհրդի որոշմամբ),

դ) Նշանակել Սահմանադիր ժողովի ընտրություններ,

ե) Հայտարարել զորակոչ եւ կազմակերպել ազգային բանակ:

 Փաստաթուղթն ավարտվում էր սպառնալիքով. այս պահանջները չկատարելու դեպքում կպահանջվի Գերագույն խորհրդի ղեկավարության հրաժարականը («Երկիր», 03.09.1991):

Ինչպես դժվար չէ նկատել, այստեղ խոսքը ոչ միայն այդ օրերին քաղաքական օրակարգի հիմնական խնդրի մասին էր, այլեւ մի վերջին անգամ ի մի էին հավաքված այն բոլոր պահանջները, որոնք տարվա ընթացքում տարբեր ժամանակներում ու տարբեր ուժերի կողմից օգտագործվել էին իշխանության քաղաքական ուղեգծի դեմ որպես խոչընդոտ ծառայեցնելու համար: Ինչ վերաբերում է հիմնական՝ առանց հանրաքվեի Գերագույն խորհրդի միջոցով անկախության հռչակման հարցին, ապա հասկանալի էր դրա քաղաքական ենթատեքստը: Հանրաքվեին մնացել էին հաշված օրեր։ Մթնոլորտն այնպիսին էր, որ այդ ընթացքում ընդհանուր իրավիճակի անբարենպաստ փոփոխությունները բացառվում էին։ Որեւէ մեկը չէր կասկածում, որ հանրաքվեն անցնելու է մեծ ոգեւորության պայմաններում եւ բացարձակ դրական արդյունք է արձանագրելու՝ բարձրացնելով իշխող քաղաքական ուժի վարկանիշը։

Ուրեմն ի՞նչ նպատակ էին հետապնդում ընդդիմադիր ուժերի այս հախուռն պահանջները։

Քաղաքական իմաստով՝ այդ պահանջները բխում էին, առաջին հերթին, Դաշնակցության շահերից՝ նկատի ունենալով հետեւյալը.

Ա) ՀՅԴ-ի հայդատական գաղափարախոսությունը, ինչպես հայտնի է, բացառում էր Հայաստանի անկախությունը եւ ենթադրում էր նրա գոյությունը ԽՍՀՄ կամ Ռուսաստանի կազմում (քանի դեռ նրա միջոցով չեն ազատագրվել հայկական պատմական հողերը)։ Հանրաքվեով ընդունված որոշումը հետագայում կարելի էր փոխել միայն հանրաքվեով, մինչդեռ Գերագույն խորհրդի որոշումը կարող էր վերանայել նույն մարմինը։ Ուստի երբեւէ իշխանության գալով ու խորհրդարանում մեծամասնություն ունենալով՝ նա կարող էր վերանայել անկախություն հռչակելու՝ Գերագույն խորհրդի որոշումը եւ մտնել Ռուսաստանի (կամ նրա գլխավորած ինչ-որ միության) կազմի մեջ։ Հանրաքվեով ընդունված որոշումը փոխելը նոր հանրաքվեի միջոցով անհամեմատ դժվար, ավելի ճիշտ՝ անհնար կլիներ։ (1993-94թթ. ՀՅԴ-ն եւ Կոմկուսը, օգտվելով պատերազմական ծանրագույն իրավիճակից, կրկին Ռուսաստանին միանալու խնդիր էին հարուցում: Եթե նրանք կարողանային խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովել, ապա միակ անհաղթահարելի պատնեշը կմնար այն, որ անկախությունը հռչակվել է հանրաքվեով։ Հետագայում՝ 1995թ. ընդունված Սահմանադրությամբ ամրագրվեց, որ հանրապետության անկախությանը վերաբերող նորմը անփոփոխելի է անգամ հանրաքվեի միջոցով):

Բ) ԽՍՀՄ կազմավորման պայմանագրի չեղյալ հայտարարելու դեպքում կստացվեր, որ անկախությունը ոչ թե ձեռք է բերվում ժողովրդի կամքով եւ ՀՀՇ-ի քաղաքական ղեկավարությամբ (ինչում ՀՅԴ-ն ոչ մի դեր չուներ, ընդհակառակը՝ պայքարել էր դրա դեմ), այլ պարզապես վերականգնվում է 1920թ. կորսված անկախությունը (ինչը կապված էր ՀՅԴ-ի անվան հետ):

Գ) Ռուս-թուրքական պայմանագրերը չեղյալ եւ ապօրինի համարելով՝ Հայաստանն, ըստ էության, հայտնվում էր Թուրքիայի հետ պատերազմական վիճակում, իսկ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս հռչակելով՝ պատերազմական վիճակում էր հայտնվում Ադրբեջանի դեմ: Դրանով, մի կողմից՝ խիստ վտանգավոր (ուստի անիմաստ) էր դառնում անկախությունը, մյուս կողմից՝ դժվարացվում էր միջազգային հանրության կողմից անկախության ճանաչման հարցը:

Դ) Եթե ԽՍՀՄ-ը առժամանակ, թեկուզ՝ ձեւական, շարունակեր գոյատեւել, ապա նրա գործող օրենքներից դուրս հռչակված որեւէ մեկի անկախությունը աշխարհը չէր ճանաչելու, մինչդեռ որեւէ առարկություն չէր կարող ունենալ Հայաստանի դեպքում, որն այս հարցում պահպանում էր գործող օրենքի տառը: Իսկ Սահմանադրության եւ բանակի հետ կապված գործերը սկսվել եւ արվում էին առանց ավելորդ աղմուկի։

Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա նրանց քաղաքական օգուտն այս դեպքում այլ բան չէր, քան այն, որ համաժողովրդական մեծ խանդավառություն խոստացող այս միջոցառումը եւ պատմականորեն կարեւորագույն այս քաղաքական ակտը՝ Հայաստանի անկախության ձեռքբերումը, հսկայական քաղաքական կապիտալի պիտի վերածվեր ՀՀՇ-ի համար։

Նշանակված հանրաքվեն ձախողելու այս հերթական անհաջող փորձից հետո, երբ ընդամենը 10 օր էր մնում համաժողովրդական քվեարկությանը, եւ գործնականում անհնար էր կանխել դրա իրականացումը, նոր միայն ՀՅԴ-ն, խույս տալու համար խիստ անբարենպաստ վիճակում հայտնվելու իրական հեռանկարից, հանդես եկավ սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մասնակցելու եւ «Այո» պատասխանելու կոչով (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 11.09.1991): Բայց ոչ միայն. նա անմիջապես էլ (ինչպես մեկ տարի առաջ Անկախության հռչակագրի առիթով) ձեռնամուխ եղավ անկախության դափնիները սեփականելու գործին: Այսպես, հենց այն օրերին, երբ ՀՀՇ-ի ողջ կառույցը մինչեւ վերջին մարդը լծված էր հանրաքվեի քարոզարշավին, ՀՅԴ-ն բացառիկ մի ցինիզմով սկսեց մեղադրել նրան անկախությունից եւ հանրաքվեից… երես թեքելու մեջ. «Եւ ահա բարձիթող եղած է սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, որ մինչեւ օգոստոսի կեսերը ՀՀՇ-ական իշխանության կողմե նախապայման կհռչակվեր միութենական որեւէ բանակցության մասնակցելու համար: ՀՀՇ-ական «ասպետները», որոնք անկախության տեսլականը նախ անջատումի տրամաբանության գերին դարձուցին, հիմա ալ կռնակ դարձուցած են հանրաքվեին «Այո» պատասխանը ապահովելու իրենց հանձնառությանը» («Դրոշակ», 25.09.1991)։ Մինչ այդ այս կուսակցության գաղափարախոսները բազմաթիվ անգամ քամահրանքով ու ծաղրանքով էին արտահայտվել անկախության հանրաքվեի նկատմամբ: Ըստ այս կուսակցության գաղափարախոսներից Է. Հովհաննիսյանի՝ «Միայն շատ միամիտներ կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որեւէ նշանակություն ունենալ իրական անկախություն ձեռք բերելու հարցում» («Ուրբաթ», թ. 27, 1991): Այժմ նույն կուսակցության բյուրոյի ղեկավարը հանրաքվեի նախօրյակին հայտարարում էր ճիշտ հակառակը. «Այս հանրաքվեում եթե առավելագույն քվեներ ապահովեն հօգուտ անկախության, ապա այն շատ կարեւոր մեկնակետ կլինի մեր ժողովրդի համար՝ անկախության գործընթացն ավելի ապահով ճանապարհի վրա դնելու համար» («Երկիր», 20.09.1991): Ստիպված լինելով արձանագրել, որ «ազգային ոչ մեկ ուժ կրնա «ոչ» պատասխանել հանրաքվեին, ՀՅԴ-ն չէր մոռանում հատուկ պնդել, որ «Այո» պատասխանելու՝ հասարակության տրամադրվածությունն ամենեւին էլ ՀՀՇ-ի վաստակը չէ (Տե՛ս «Դրոշակ», 11.09.91, Խմբագրական): Իսկ հանրաքվեի իրականացումից եւ արդյունքների ամփոփումից հետո Դաշնակցության համար արդեն այն դարձավ շատ կարեւոր պատմական իրադարձություն. «Ժողովրդավարական ազատ կողմնորոշման առաջին իսկ առիթին՝ հայ ժողովուրդը գրեթե միաձայնությամբ վերահաստատեց ազատ ապրելու եւ սեփական պետության գերիշխանութենեն դուրս որեւէ հակակշիռ մերժելու իր վճռականությունը» («Դրոշակ», 09.10.91,էջ 5): Եւ, որպես կարեւոր պատմական իրադարձություն, այն, այս կուսակցության ղեկավար Հ. Մարուխյանի բերանով, թափանցիկ ակնարկով կապվեց 1918 թվականի, այսինքն՝ իրենց անվան հետ. «Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը միահամուռ կերպով արտահայտեց իր պատրաստակամությունը կառչելու մայիսի 28-ի գաղափարական հրամայականներեն» («Դրոշակ», 09.10.1991, էջ 16: Հիշեցնենք, որ 1918թ. մայիսի 28-ով թվագրված հայտարարության մեջ անկախության մասին ընդհանրապես խոսք չկար):

* * *

Հանրաքվեն ձախողելուն ուղղված՝ ընդդիմության «քաղաքական» պայքարը, թվում էր, թե ավարտվեց Գերագույն խորհրդի սեպտեմբերի 9-12-ի նիստերով եւ հանրաքվեին դիմագրավող վերջին ուժի՝ ՀՅԴ-ի՝ հանրաքվեին մասնակցելու ու «Այո» ասելու հրապարակային կոչով: Սակայն իրականում դա միայն արտաքին քողն էր, հակաանկախական ուժերի իրական նպատակը մնում էր նույնը՝ անկախության հանրաքվեն խոչընդոտելը, ինչին հասնելու համար, ընդհուպ մինչեւ հանրաքվեի նախօրյակը, նրանց կողմից զանազան միջոցներ գործադրվեցին: Հանրապետությունում իրավիճակի կտրուկ ապակայունացման միջոցով հանրաքվեն խանգարելու հստակ միտում ունեին այդ օրերին Նախիջեւանի հետ սահմանային շրջաններում հրահրված դեպքերը Մեղրիի, Կապանի եւ Վայքի հատվածներում (Տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 13.09.1991): Գերագույն խորհուրդը ստիպված էր անդրադառնալ հանրաքվեի նախօրյակին իրադրության սրման ակնհայտ սադրիչ եւ ոչնչով չարդարացված այդ գործողություններին, որ հրահրվել էին սահմանամերձ շրջաններում: Պատգամավորական խմբեր ուղարկվեցին այդ շրջանները, տեղական ինքնակառավարման շրջանային մարմիններից պահանջվեց վճռական միջոցների դիմել վիճելի հարցերի կարգավորման համար, իսկ ՆԳ նախարարությանը հանձնարարվեց նյութեր նախապատրաստել «միջադեպերին մասնակցած մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու» համար: Այդ շրջանների բոլոր մակարդակների խորհուրդներին զգուշացվեց, որ իրավիճակը նույն օրը մինչեւ երեկո չկարգավորելու դեպքում դրանցում արտակարգ դրություն կմտցվի (Տեղեկագիր ՀՀ ԳԽ-ի, 1991, 17, հոդվ. 371): Ձեռնարկված կտրուկ միջոցառումների շնորհիվ սահմանային շրջաններում կայունությունը վերականգնվեց:

Եւ վերջապես, որպես հանրաքվեի բնականոն ընթացքը խաթարելուն ուղղված հուսահատ միջոց՝ ՀՅԴ-ի, ՍԻՄ-ի, ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի անունից սեպտեմբերի 19-ին հրապարակվեց «արցախցիներին» ուղղված հետեւյալ սադրիչ կոչը. «…հորդորում ենք ձեզ, որպես Հայաստանի քաղաքացիների, զենքը ձեռքից բաց չթողնելով, հնարավոր բոլոր միջոցներով ապահովել Արցախի հանրապետության մասնակցությունը Հայաստանի անկախության հանրաքվեին: Կեցցե Անկախ, Ազատ եւ Միացյալ Հայաստանը» («Երկիր», 19.09.1991): Լեռնային Ղարաբաղի բնակչությունը եւ ղեկավարությունն, իհարկե, խոհեմ գտնվեցին եւ չգնացին նման քայլի:

Բառիս բուն իմաստով՝ միջոցների միջեւ խտրություն չդնելով՝ անկախության հանրաքվեի դեմ պայքարելու քայլերն ու միջոցառումները սրանով, հանրաքվեից ընդամենը երկու օր առաջ, կարծես թե, ավարտվեցին։

Անկախության հանրաքվեն ժողովրդավարական նոր իշխանության առաջին նմանօրինակ զանգվածային ընտրական միջոցառումն էր: Կազմակերպական եւ նախապատրաստական ամբողջ աշխատանքը ղեկավարել էր Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Անկախության հանրաքվեն անցավ բացառիկ կազմակերպված եւ համաժողովրդական մեծագույն ոգեւորության պայմաններում: Մասնակիցների եւ առաջադրված հարցին դրական պատասխանողների թիվը գերազանցեց բոլոր սպասելիքները: Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներից ու միջազգային կազմակերպություններից հրավիրված 117 դիտորդները միաձայն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որ անկախության հանրաքվեն անց է կացնում օրինական, եւ ըստ այդմ էլ առաջնահերթ պետք է լինի նրա անկախության միջազգային ճանաչման հարցը(Տես «Հայք», 25.09.1991, «Հայաստանի Հանրապետություն», 23.09.1991:):

Հայաստանի անկախության հանրաքվեին, որի դեմ այդպես անմնացորդ, մինչեւ վերջին օրը պայքարեցին «ազգային» համարվող ուժերը, միջազգային ասպարեզում այսպիսի գնահատական տրվեց.

«Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմանադրության պահանջներին համաձայն, վեց ամիս առաջ այդ մասին նախազգուշացնելով Կրեմլին։ Հետեւաբար, օրենքների դիկտատի մեջ հմտացած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել» (Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. հայերեն թարգմանությունը՝ «Ազգ» օրաթերթ, 20.04.1991թ., հրատարակված նաեւ՝ «Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ,», Երեւան, գրքում, էջ 465-469)։

Նախորդ հոդվածըԱնկախության հանրաքվե – 1
Հաջորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. 1991-ին Անկախության ձեռքբերումը Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրությունն էր