‘Անկախության հանրաքվե-22. Անկախությանն «ԱՅՈ» ասելով, մենք, մենք ու մերոնք ենք դառնում’

988

22 տարի առաջ՝ 1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Դա մի գործընթաց էր, որին լծվել էին բոլորը՝ մեծ ու փոքր, բանվոր թե գյուղացի, աղքատ թե հարուստ: Դա մի գործընթաց էր, որին իրենց ավանդը դնելը մեծ պատիվ էին համարում  մեր ազգի մտավորականները, սերուցքը: Ահավասիկ, ներկայացնում ենք սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ անկախ պետականության գործընթացին մասնակցած մտավորականների խոսքը՝ հանրաքվեի ժամանակ:

Համո Սահյան

Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռն-թոռների մարդավայել կյանքին: Աստված չանիի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը, մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:

ԱՅՈ… Այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները:

ԱՅՈ… Այս բառի մեջ ես լսում եմ Վարդանանց նահատակների սրերի շառաչը եւ սարդարապատի աշխարհզորայինների հրանոթների հաղթական համազարկերի արձագանքները:

Այս բառը մեր ինքնությունն է ամփոփում  իր մեջ, մեր արժանապատվություն, աշխարհը նոր համով ու հոտով, նոր գույներով հարստացնելու մեր ընդունակությունն ու պատրաստակամությունը:

Անկախությանն «ԱՅՈ» ասելով, մենք, մենք ու մերոնք ենք դառնում, մենք մերն ենք դառնում, մեր գլխի տերն ենք դառնում, մեր հողի ու ջրի տերը եւ աշխարհամեջ ենք դուրս գալիս տիրոջ իրավունքով:

«ԱՅՈ»-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք, ուրեմն՝ կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ…

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Ինչպես էր Արամ Մանուկյանը համոզում Իրաքի դեսպանին, որ անմիջապես չճանաչի ՀՀ անկախությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ստեղծագործենք մեր անկախությունը’