«Անկախությունը և ազատական բարեփոխումները»` անգլերեն

278

Նորանկախ Հայաստանի առաջին իշխանության շրջանի իրական պատմությունը տարիներ շարունակ անխնա խեղաթյուրումներից տարբերակելու ցանկություն ունեցողներն արդեն հասցրել են ընթերցել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի ջանքերով կազմված եւ հրատարակված «ՀՀ անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատորյակը։

Նոյեմբերի 30–ին վերը նշված գրքի անգլերեն ամփոփ տարբերակի (թարգմանիչ` Անահիտ Բոբիկյան) շնորհանդեսն էր @Loft-ում, որտեղ հավաքվել էին 90–ականների բազմաթիվ բարեփոխումների գործընթացի անմիջական մասնակիցները, որոնք միաժամանակ գրքում զետեղված հոդվածների հեղինակներն են, ինչպես Արամ Մանուկյանը ներկայացրեց` առնվազն հիսուն մասնագետներ։

Ե՛վ հայերեն, և՛ անգլերեն տարբերակները հրատարակվել են Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի աջակցությամբ, և գրքի շնորհանդեսի արարողությունը բացեց հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արմեն Գրիգորյանը։

90–ականների ակունքներում կանգնած պետական այրերը` Ժիրայր Լիպարիտյան, Աշոտ Ոսկանյան, Բագրատ Ասատրյան, Վահե Ստեփանյան եւ այլք, ջերմ ու անմիջական մթնոլորտում հյուրերին պատմեցին գրքի ստեղծման անհրաժեշտության, այդ դժվարին տարիների իշխանությունների գործունեության` սոցիալիստական համակարգից դեպի ազատ շուկայական համակարգ, միակուսակցական համակարգից բազմակուսակցական ժողովրդավարական համակարգի անցման եւ մի շարք այլ կարեւորագույն բարեփոխումների մասին։

Արդարացիորեն չմոռացվեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը, որտեղ տպագրվել են «Անկախությունը և ազատական բարեփոխումները» գրքի հայերեն (երկհատորյակ) ու անգլերեն տարբերակները։

Ընթերցեք, եթե իրոք ցանկանում եք իրական պատկերացում ունենալ 90–ականների Հայաստանի մասին։

Նախորդ հոդվածըԿամբոջայի վարչապետը որդուն հայտարարել է իր պաշտոնը ժառանգելու թեկնածու
Հաջորդ հոդվածըՄասքն առաջարկել է սահմանափակել պաշտոնի հավակնողների տարիքը