‘«Անկախ դիտորդներ», որոնք «երդվում են» Սերժ Սարգսյանի արեւով’

2626

Առաջիկա սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ում գրանցվել են կազմակերպություններ, որոնց գործունեության հպանցիկ վերլուծությունը բացահայտում է նրանց կապը իշխող ՀՀԿ-ի ու նրա ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 18 տեղական հասարակական կազմակերպություններ: Դրանց մի մասը հայտնի է նախորդ ընտրություններին իր ակտիվ մասնակցությամբ, որոշներն էլ նորահայտ են կամ դիտորդական գործունեությամբ աչքի չեն ընկել:

iLur.am-ը փոքրիկ հետաքննություն անցկացրեց՝ պարզելու ԿԸՀ հրապարակած ցուցակում տեղ գտած քիչ հայտնի կազմակերպությունների «ծագումնաբանությունը», հատկապես նրանց, ովքեր բավական բազմամարդ առաքելություն են պատրաստվում իրականացնել դեկտեմբերի 6-ին:

Մասնավորապես, 404 դիտորդով հանրաքվեին մասնակցելու հայտ ներկայացրած «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ը նախորդ մի քանի տարիներին գործունեություն է ծավալել Գեղարքունիքի մարզում, եւ մամուլում հայտնվել է՝ հիմնականում մարզի երիտասարդության մասնակցությամբ անկացվող միջոցառումների (Արցախյան ազատամարտի զոհերի հուշակոթողի մոտ հարգանքի տուրքի արարողություն, հակածխախոտային պայքար եւն) շնորհիվ: Այս կազմակերպության ղեկավար  Վահան Դավթյանը ՀՀԿ անդամ է եւ բնապահպանության նախարարությում բավական բարձր պաշտոն է զբաղեցնում՝ նա Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն է: 2013-ի նախագահական ընտրապայքարի փուլում «Գեղամա» կազմակերպությունը հայտարարել է, որ աջակցում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Մեկ այլ՝ 417 դիտորդներով հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրած «Հայք» կազմակերպության մասին որոնողական համակարգերում որեւէ տեղեկություն գտնել չհաջողվեց: Այս կազմակերպության մասին տեղեկատվություն չկա ո՛չ առցանց մամուլում, ոչ անգամ ԱՆ էլեկտրոնային ռեգիստրում, որտեղ գրանցվում են Հանրապետության բոլոր իրավաբանական անձինք: Հայտնի չեն ո՛չ ղեկավարների, ո՛չ առավելեւս, 417 դիտորդներից որեւէ մեկի անունը: Ավելի մանրամասն քննությունը, թերեւս, կպարզեր նաեւ այս կազմակերպության ինքնությունը, բայց արդեն իսկ այս «կոնսպիրացիան» բավական խոսուն է;

Ամենաուշագրավը, սակայն, ԿԸՀ հրապարակած ցանկում «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն է, որն ամենամեծաքանակ  դիտորդական խումբ է հայտագրել՝ 728 մարդ: Այս կազմակերպությունը նախորդ մի քանի ընտրություններին բավական ակտիվ դիտորդական գործունեություն է ծավալել՝  ներկայացուցիչներ ապահովելով հանրապետության գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Այնուհանդերձ, նրան, մեղմ ասած,  չի հաջողվել «անբիծ» պահել անկախ մարմնի անունը: 2009-ին կազմակերպությունը հայտարարել է, թե պաշտպանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, իսկ 2009-2013թթ. բոլոր պետական եւ ՏԻՄ (Երեւանի) ընտրությունները, առանց բացառության, բնութագրել է որպես «ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական»: 2013-ի ընտրական շրջանում հրապարակված «ՍիվիլՆեթ»-ի այս հոդվածից էլ տեղեկանում ենք, որ «Ազատ հասարակության ինստիտուտ»-ը, խարդախության հետ սահմանակցող ձեռնածություն կիրառելով՝ հանրության մոտ փորձել է պատրանք ստեղծել, թե իրականացնում է «միջազգային դիտորդական առաքելություն» (հաշվարկը պարզ է՝ հանրությունը միջազգային դիտորդների գնահատականներին ավելի շատ է վստահում, քան տեղականներին):

Հատկանշական է նաեւ, որ «անկախ դիտորդական առաքելություն» իրականացնող այս բազմամարդ կազմակերպության ղեկավար Էդգար Հակոբյանը (որը, ի դեպ, Հանրային խորհրդի անդամ է), անգամ նախընտրական այս փուլում չի փորձում թաքցնել իր քաղաքական նախասիրությունները: Ընդամենը մի քանի րոպե Ֆեյսբուքում նրա էջը ուսումնասիրողի համար պարզ է դառնում, որ պարոն Հակոբյանը հոգով ու սրտով նվիրված է ու ծառայում է գործող իշխանությանն ու նրա լիդերներին՝ նրա էջը լեփլեցուն է Սերժ Սարգսյանի ու հատկապես Հովիկ Աբրահամյանի (որը, հիշեցնենք, վարչապետ լինելուց բացի նաեւ «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավարն է) գործունեությունը գովաբանող հրապարակումներով:

Էդգար Հակոբյանի լուսանկարների պատը ՖԲ-ում

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները բավական ակնհայտ  կերպով ընտրական գործընթացի մեջ են ներդրել իրենց վարձկաններին՝ ներկայացնելով նրանց իբրեւ անկախ դիտորդներ, որոնց իրական առաքելություն է՝ նախ մամուլի միջոցով հանրության մոտ մարդաշատության ու ակտիվ մասնակցության տպավորություն ստեղծել, ապա, քվեարկության ավարտից հետո ազդարարել, թե «ժողովուրդ, արդար ա»՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն անցել են ազատ եւ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով:  

Ծանոթագրություն. ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 30, կետ 5.-ի համաձայն, դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

 Հ.Կ.

Նախորդ հոդվածը‘ՖԱՖ-ը կոչով դիմել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին չորրորդ անգամ ստացել է «Goal 50» մրցանակը ‘