‘Անկասելի «սաքուլիկը». Տարոնի «պաշտպանության» պաշտպանը Ս. Սարգսյանի հաշվին գործուղում է շահել. Aravot.am’

2518

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը  լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտած, ոստիկաններին՝ լրագրողներին ներս չթողնելու ցուցումներ տված տղաներից մեկը՝ Պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը 400 000 դրամանոց գործուղում է շահել Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով (ԵԳԱԾ), տեղեկացնում է Aravot.am-ը:

Նա այդ ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հաղթողներից է, մրցույթ, որը փաստորեն հաջորդել է տնտեսագիտական համալսարանում կայացած եւ լրագրողական կազմակերպությունների կողմից դատապարտված տհաճ միջադեպին: Aravot.am-ը ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով է Սեւակ Խաչատրյանի հայտը շահող ճանաչվել: «ՀՀ բուհերում եւ գիտական կենտրոններում աշխատող մինչեւ 35 տարեկան ցանկացած երիտասարդ, որն արտասահմանում միջազգային գիտաժողովին գիտական բանավոր զեկուցմամբ հանդես գալու հրավեր ունի, կարող է դիմել ծրագրին: Մենք նախապես մշակած չափանիշներով եւ բալային սանդղակով, որը հնարավորինս զերծ է պահում մեզ սուբյեկտիվ վերաբերմունքից, գնահատում ենք հայտը: Սեւակ Խաչատրյանը ՀՊՏՀ դասախոս է, գիտությունների թեկնածու, մինչեւ 35 տարեկան է, ուստի ծրագրից օգտվելու բոլոր հնարավորություններն ուներ: Հայտ է ներկայացրել մասնակցելու Դոնեցկի ազգային համալսարանում կազմակերպվելիք տնտեսագիտական գիտաժողովին: Նա ներկայացրել է պաշտոնական հրավերը, տեղեկանք աշխատավայրից, որ դասախոս է աշխատում, մնացած բոլոր փաստաթղթերը, լրացրել է հայտը եւ գնահատման չափանիշների համաձայն՝ իր հավաքած միավորը բավարարել էր, որպեսզի ֆինանսավորում ստանա»,-պարզաբանեց ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատուն: Մեր դիտարկմանը, թե հնչել են առաջարկներ, որ երիտասարդ գիտնականին աջակցելուց առաջ պետք է հաշվի առնել նրա վարքագիծը եւ կերպարը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որ արժեր էթիկայի հանձնաժողով ստեղծել, նորմեր եւ այլն, այդ պարագայում հարց է առաջանում՝ ո՞վ եւ ի՞նչ կերպ պետք է այս կամ այն երիտասարդ գիտնականի վարքը գնահատի: Տվյալ պարագայում միջադեպ է եղել, ԶԼՄ-ներով պտտվել է եւ նաեւ հանրային հնչեղությունն է պատճառը Սեւակ Խաչատրյանի՝ հայտի շահելու հետ կապված աղմուկի: Ենթադրենք X գիտնականը ինչ-որ ինստիտուտում ինչ-որ բան է անում, որի մասին, բացի ինստիտուտի մի քանի մարդուց, ոչ ոք չգիտի: Այդ դեպքում ի՞նչ անենք՝ վերադառնանք Սովետական Միություն, բնութագրե՞ր պահանջենք ղեկավարից, ստորադասից, կոլեգայից: Մի տեսակ իրատեսական չի այդ առաջարկը»,-ասել է Խաչատրյանը: 

Ավելին

Նախորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. ԱԳՆ հերթական ձախողումը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի իշխանությունը և ընդդիմությունը մոտեցել են անցումային կառավարության հարցի քննարկմանը’