‘Անկարան Հայաստանի հետ սահմանի բացումը կրկին պայմանավորում է ղարաբաղյան խնդրով’

1024

Անկարան հերքում է մոտ ժամանակներս հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, սակայն այդ հարցը կարող է ներառվել օրակարգում Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության համար հնարավորություն ապահովող գործընթացների շրջանակներում: Նման ոչ միանշանակ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, հայտնում է թուրքական ԱԳՆ պաշտոնական կայքը: «Այդ հարցում վճռորոշ կլինի բոլոր հարևանների հետ խնդիրների լուծման համար Հայաստանի կողմից կամքի դրսևորումը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ թուրքական «Taraf» թերթը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իբր պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը: «Տեղեկություններ կան, որ վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները, որոնք սկսվել են դեռ 2012 թվականին: Այդ ընթացքում վերանորոգվել և ասֆալտապատվել է դեպի Ալիջան անցակետը տանող 7 կմ երկարությամբ ճանապարհը: Անցակետը ապահովվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ սարքավորմամբ: Թեև դեռ հստակեցված չեն սահմանի պաշտոնական բացման ժամկետները, կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այն, հավանաբար, կբացվի սեպտեմբերից հետո»,- գրում է թերթը: Պաշտոնական Երևանը որևէ կերպ այս տեղեկատվությանը չի արձագանքել:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի փոխնախագահները հանդիպել են Գյումրիի կառույցի ակտիվի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրապետականների ճահճում գաղջահոտն ուժգնանում է ‘